
Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է այն հրճվանքը, որով ոգեւորվել են ոմանք, թե` վերջապես նախագահը գտավ մեղավորին եւ դա կառավարության ղեկավարն է ու` վերջ, հարցերն արդեն կլուծվեն. «Ես չեմ կարծում, որ հայաստանյան քաղաքական իրականության հետ կապ ոնեցող որեւէ մեկը, որը հատվածական շահ չի հետապնդում եւ ուզում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում պետության մեջ եւ որտե՞ղ պետք է գտնել լուծումները, դրանով պետք է հրճվի: Ի վերջո, ինձ համար հարց է՝ արդյո՞ք քաղաքական մեծամասնությունը եւ նախագահը հստակ խնդիր դրե՞լ են վերացնել կոռուպցիան, որն իսկապես հարվածել եւ շարունակում է հարվածել պետության ողնաշարին եւ չի թողնում, որ պետականությունն ու պետությունը կայանա, թե` ոչ: Եթե խնդիրը դրված է այդպես, եթե նախագահը, քաղաքական մեծամասնությունը, այդ թվում նաեւ վարչապետը, խորհրդարանը, վերցնեն այս խնդիրը եւ որոշեն լուծել, ուրեմն, մենք կունենանք հաջողություն եւ կարող եմ վստահորեն ասել, որ «Ժառանդությունը» անկեղծորեն կաջակցի այդ կարեւորագույն ծրագրի իրականացմանը: Եթե ընդամենը քավության նոխազ է պետք, որ ցույց տան՝ այս մեկի պատճառով ենք հայտնվել այսպիսի ծանրագույն վիճակում, ուրեմն, շարունակելու ենք վայելել մեզ բաժին հասած կոռուպցիան` ինչպես կասեր իմ ընկեր երգահանը: Որովհետեւ այն 10-15 հոգին, որոնք իրենց ձեռքն են վերցրել ամբողջությամբ պետության ֆինանսատնտեսական շարժը, արդյունաբերաշինարարական ոլորտները եւ մնացյալ ամենը, դրանք նախագահի մերձավոր շրջապատի մարդիկ են եւ չեմ կարծում, եթե նախագահի եւ իշխող մեծամասնության միջեւ քաղաքական կամք չլինի, Տիգրան Սարգսյանի ասելով որեւէ մեկը քայլ կանի, կամ կպատժվի, կամ կհրաժարվի այդ «ատկատներից» ու մնացյալ բաներից, որոնք կոռուպցիայի բաղկացուցիչ մասերն են»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ պետությունն իսկապես ծանրագույն վիճակում է հայտնվել եւ որպեսզի այս իրավիճակից դուրս գա, առաջինը նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը միասին պետք է քաղաքական կամք ցուցաբերեն կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: «Եթե չեն պայմանավորվելու եւ ընդամենը քավության նոխազի մասին է խոսքը, կարծում եմ, պետությունը դրանից ավելի շատ կտուժի, քան կշահի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































