

Այն, որ քաղաքային իշխանությունները խոստացել են Աֆրիկյանների շենքը քաղաքի մեկ այլ հատվածում վերականգնել, ակցիայի մասնակիցները թերահավատորեն են վերաբերվում: Նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գերավետյանն Aravot.am-ի զրույցում այսպես պատճառաբանեց իրենց թերհավատությունը. «Օրինակ` Փակ շուկան, մինչ օրս չգիտենք, թե ի՞նչ է լինելու շուկայի վիճակը, սա վերականգնվելո՞ւ է, կամ ինչ տեսքով է վերականգնվելու: Հիմա էլ այստեղ ոչ մի նախագիծ չկա փակցված: Սա էլ հերթական ապօրինությունն է: Այդ ստախոսությունը 5 տարի է լսում ենք, ասում են մի բան, բայց անում մեկ այլ բան»:
Ներկայումս Աֆրիկյանների շենքի քարերը համարակալված են, որը խոսում է հետագայում վերականգնելու մասին: Սակայն ակտիվիստները վստահ են, որ շենքն ամբողջությամբ եւ նույնությամբ չի հաջողվի վերականգնել. «Շենքի վրայի քանդակները եթե լոմով քանդեն, ուրեմն վերջ` հերները կանիծվի քանդակների»:
Կարդացեք նաև
Ակտիվիստների խոսքերով, մինչ օրս իրացման գոտիներում քանդած եւ վերականգնման ենթակա պատմական շենքերն այդպես էլ չեն վերականգնվել. «Թեեւ խոստանում են, որ Հին Երեւան նախագծի շրջանակներում, դա կարվի, բայց այսօր ոչ մի նախագիծ ցույց չեն տալիս, որ հասկանանք, ինչ է կատարվելու»:
Խմբի անդամ Աննա Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անհասկանալի է, թե ովքեր են այն մի քանի հոգին, որոնք իրենց հորջորջում են քաղաքի համար պատասխանատուներ, այսպես կոչված` գլխավոր ճարտարապետը, կամ քաղշինխորհուրդը, որ որոշում են` սա քանդել, սա չքանդել: Թող իրենց ուղեղները եւ մտավոր կարողությունները սկսեն լայնացնել, որպեսզի հասկանան` թե ինչ է ճարտարապետություն կամ քաղաքաշինություն, ոչ թե` քաղաքի քանդում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































