
Նա այն կարծիքին է, որ ամեն ինչ չպետք է դնել կառավարության վրա, սիրիահայերին օգնելը ժողովրդի պարտականությունն է. «Երբ Իրաք գնացինք, կառավարությունը չօգնեց, բայց ժողովուրդը ձեռքերը պարզեց ու օգնեց, անգամ արաբներն էին օգնում: Ամեն ինչ կառավարության վրա չենք կարող դնել»:
Վահագն Հովնանյանն ասաց, որ այսօր ատաղձագործի ու շինարարության ոլորտում աշխատատեղեր է առաջարկում սիրիահայերին ու աշխատատեղերից բացի, պատրաստ է նաեւ տարածքներ տրամադրել: Աշխատանքի համար պարոն Հովնանյանին արդեն մի քանի սիրիահայ է դիմել, բայց դեռ չեն կողմնորոշվել աշխատանքի հարցում. «Հայաստան ժամանած սիրիահայերը դժվարությունների մեջ են, վստահություն են փնտրում Հայաստանում: Նրանք այսօր եկել են իրենց տուն, պետք է հայրենասերներ լինեն այստեղ ու նրանց օգնեն: Այստեղ հարուստները պետք է հավաքվեն ու որոշեն՝ ինչպես օգնել այդ ժողովրդին, որ նրանք այստեղից չփախչեն: Ինձ համար մեծ ուրախություն է, որ ուրիշ երկիր չգնացին, եկան հայրենիք: Առանց աղբար կամ այլ մականունների պետք է ընդունեն նրանց: Հենց այս հարցում է, որ հայ մեծահարուստները պետք է ցույց տան իրենց ազգասիրությունը: Հսկայական հայեր կկորցնենք, եթե նրանց լավ չընդունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































