Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաև “Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահը:
Վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչև սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին :
Վերոնշյալ հրամանը հետևել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադևոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: