
Ըստ Հայաստանի կանաչների միության նախագահի՝ բնության դեմ կատարված այդ ոտնձգության դեմ պայքարը, առաջին հերթին, պետք է դառնա ՀՀ բնապահպանության նախարարության հոգածության առարկան: Նա ասաց, որ հսկայական մակերես զբաղեցնող պոչամբարների հատակի մեկուսացումը էլաստիկ նյութով պետք է լինի այն միջոցառումներից առաջինը, որը կարող է կանխել մարդու կողմից բնական միջավայրին հասցվող անուղղելի վնասը:
Հանքարդյունաբերողներին նկատի ունենալով` Հակոբ Սանասարյանը նշեց, որ շահույթ ստանալուց բացի, «նրանք պետք է մտածեն նաև բնությանը իրենց կողմից պատճառած վնասը չեզոքացնելու մասին»:
Կա փորձ, երբ պոչամբարները տակից և վրայից մեկուսացնում են համապատասխան էլաստիկ նյութերով, ապա ծածկում հողի շերտով: Այսօր դա վնասակար ու վտանգավոր թափոն է, բայց ժամանակի ընթացքում գուցե և գտնվեն տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ, հետագայում, հնարավոր կլինի հանքային թափոնները վերամշակել և օգտագործել որպես շինանյութ:
Կարդացեք նաև
Մյուս լուծման տարբերակը նա տեսնում է հանքարդյունաբերությունը զսպելու և Հայաստանի շահերին համապատասխանեցնելու մեջ: ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի օրինակը պետք է որ զգոնացնի հանքարդյունաբերության չափորոշիչները սահմանողներին: Օվկիանոսից այն կողմ 19-20-րդ դդ.-ում այդ բնապահպանական մեծ սխալները մարդը կատարեց պարզունակ տեխնոլոգիաներով ու գործիքներով: Իսկ այսօր այդ ամենը Հայաստանում կիրառվում է զարգացած տեխնոլոգիական միջոցներով և սարքավորումներով: Սա բնապահպանական ռիսկայնությունը մի քանի անգամ ավելի է արագացնում:
«Որպես հրաբխային երկիր, Հայաստանում հանքերը բավականին բազմազան են, սակայն դրանց զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի»: Այդ երևույթը ժողովրդին պարզապես զրկում է հայրենիքից, ընդգծեց բնապահպանը:


















































