
Երեկույթին մասնակցում էին Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և թվով մոտ 100-ից ավելի հյուրեր: Շնորհանդեսին իրենց ելույթներով և գիտելիքներով զարմացրեցին դպրոցի 22 սաները: Հայերենի ուսուցչուհի տիկին Կարինե Քալաշյանն այս անգամ համակցել էր աշակերտների հանդիսավոր բեմադրությունը գիտելիքներ ստուգող հարցադրումների հետ, որոնք հենց դպրոցի սաների կողմից արքայի և նրա խորհրդականի երկխոսության ընթացքում սաները միմյանց էին ուղղում և ինքներն էլ ինքնաբուխ պատասխանում վերջիններիս: Հարցերի պատասխանները վաղօրոք չէին ներկայացված դպրոցի սաներին: Վերջիններս տարաբնույթ էին և կոչված էին ստուգելու սաների հայերենի քերականական, երկրագիտական և աշխարհագրական գիտելիքները:
Դպրոցի սաների կողմից «Էրեբունի-Երևան», «Կիլիկիա» և «Միացեք հայեր» երգերի կատարմամբ փաստորեն Սպենդիարյանի անվան ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վաստակավոր մեներգիչ այժմ բեռլինահայ Արտակ Կիրակոսյանի կողմից հիմնադրվեց Բեռլինի հայկական դպրոցի երգչախումբը, որը պարբերաբար այսուհետև կգործի հայոց լեզվի և գրականության դասընթացներին համընթաց:
Ինչպես դպրոցի հիմնադիր պարոն Միքայել Մինասյանը իր բացման խոսքում նշեց, դպրոցում պարբերաբար հրավիրվող տարբեր հյուր-ուսուցիչների կողմից այսուհետև կդասավանդվեն նաև հայոց պատմություն, կրոն և հայ առասպելաբանություն առարկաները: Պարոն Մինասյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀՀ դեսպանին, ԼՂՀ ներկայացուցչին և ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ դպրոցին մեթոդական նյութերով և դասագրքերով աջակցելու համար:
Կարդացեք նաև

Դպրոցի հիմնադիր՝ Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ


















































