
Հանձնաժողովը շեշտում է, որ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ապահովումն անհնար է առանց խստորեն կանոնակարգված ինստիտուտների գործունեության: Այս համատեքստում հանձնաժողովը շեշտում է կրթության, բարձրագույն կրթության դերը քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում: Ժողովրդավարական մասնակցությունը, ըստ հանձնաժողովի, նաև կախված է հասարակության՝ ժողովրդավարական գործընթացներում ներգրավվելու կամքից, ինչպես նաև ընտրությունների կազմակերպումից:
Հանձնաժողովն իր համաձայնությունն է հայտնում քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևի հետ: Սակայն ներկայացնում է մի շարք լրացումներ:
Զ. Փոստանջյանը գրավոր ներկայացնելով այդ լրացումները՝ նշում է. «Շուրջ 50 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրության 3-րդ կետով հաստատել է ազատ ընտրության իրավունքը: Ուստի կարծում ենք, որ բանաձևում կարևոր է վկայակոչել այս կետը, որն ուղղված է Եվրոպայում ավելի ժողովրդավար ընտրությունների կազմակերպմանը»:
Զ. Փոստանջյանը նաև նշում է, որ վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքական ազատ բանավեճի կազմակերպման հարցում կան լուրջ խնդիրներ: Եվ ավելի լավ կլիներ բանաձևում ընդգծվեր, որ լրատվամիջոցներում բոլոր թեկնածուների և բոլոր քաղաքական ուժերի հավասար ներկայացվածությունը բոլորի իրավունքն է:
Եզրափակելով հանձնաժողովի կողմից ներկայացված լրամշակումների մեկնաբանությունը՝ տիկին Փոստանջյանը նշում է, որ ընտրությունների ուսումնասիրությունը մեծապես կախված է ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































