«Առավոտը» Աղայան 19 եւ Տերյան 54 շենքերի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ վերոհիշյալ շենքերի բակում ոմն սեփականատեր ցանկանում է բուտիկներ տեղադրել՝ հարվածի տակ դնելով կանաչապատ տարածքը եւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը: «Սեփականատեր ներկայացածի հետ շենքի բակ եկած մյուս անձն էլ ասաց, թե աշխատում է քաղաքապետարանում, որը տվել է համապատասխան թույլտվություն: Զանգահարեցինք քաղաքապետարանի «թեժ գիծ» եւ տեղեկացրեցինք խնդրի մասին: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ բուտիկներ տեղադրելու հարցի շուրջ Երեւանի քաղաքապետի կողմից որոշում չի կայացվել»,-վստահեցրեց տարածքի բնակիչ Ղուկաս Հարությունյանը:
Նա հավելեց, որ բնակիչներն իրենց միջոցներով մաքրել եւ բարեկարգել են տարածքը՝ տնկել խաղողի վազեր ու եղեւնի. «Անհայտ սեփականատերն այդպես էլ չներկայացավ, ասելով՝ ես կայարանի տղա եմ»:
Աղայան 19 շենքի լիազոր Գեղամ Աբրահամյանի խոսքով՝ այս պահին շենքի բակ անգամ հրշեջ մեքենա չի կարող մտնել, ուր մնաց, թե բուտիկ տեղադրվի. «Այդ մարդիկ անգամ սպառնացին եղեւնին կտրել, որ տնկել ենք երեխաների համար որպես տոնածառ: Մենք ուզում ենք օդ շնչել, ինչպե՞ս կարելի է տարածքի ծառերը հատել ու տեղը բուտիկներ դնել: Վաղը չէ մյուս օրը դրանց պատերը երեկոյան ժամերին զուգարան կդառնան»:
Խնդրի շուրջ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց քաղաքապետարանից, որտեղից խոստացան պատասխանն ուղարկել 5-օրյա ժամկետում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: