Մեր տեղեկություններով, վաղը ժամը 14-ի սահմաններում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրու քաղաքապետարանի անձնակազմին (նրանց, ովքեր որոշել են աշխատել Սամվել Բալասանյանի հետ և Վարդան Ղուկասյանի սիրուց հրաժարական չեն տվել) կներկայացնի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ինչպես հայտնի է, կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Գյումրու 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմումը, որին, ըստ օրենքի, հաջորդելու է նոր համայնքապետի լիազորությունների ստանձնումը: Aravot.am-ը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանից մեկ անգամ ևս հստակեցրեց, թե Սամվել Բալասանյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատա ՞ ր է լինելու, թե ՞ միանգամից ստանձնելու է քաղաքապետի լիազորությունները: Ի պատասխան մեր հարցի, փոխմարզպետը տեղեկացրեց, որ այս պարագայում ժամանակավոր պաշտոնակատար հասկացություն գոյություն ունենալ չի կարող, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակում են այն դեպքում, երբ չկա համայնքի ղեկավար, և սպասվում են ընտրություններ, իսկ Սամվել Բալասանյանը ընտրված քաղաքապետ է, կարող է վաղվանից ստանձնել իր լիազորությունները :Ի դեպ, չի բացառվում, որ վաղը նորընտիր քաղաքապետի «գահակալման» արարողությանը մասնակցեն նաև կառավարական հյուրեր. վերջիվերջո նրանցից շատերը Գյումրիում կատարված իշխանափոխության անմիջական մասնակիցներն են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































