
Միջոցառմանը ներկա «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, «Ֆորեքս» կազմակերպության վերլուծաբան Միքայել Վերդյանն անդրադարձան գյուղացիների կրած վնասներին, հացահատիկի միջազգային գների տենդենցներին եւ տեղական շուկայի վրա դրանց ազդեցությանը:
Պարոն Բերբերյանի խոսքերով, միջազգային շուկաներում հացահատիկի գների բարձրացման միտումները շարունակվում են, ինչը չի կարող ազդեցություն չունենալ մեր տեղական շուկայի վրա եւ հացը կրկին կթանկանա: Ըստ նրա, բարձրացումները շատ արագ են անդրադառնում, սակայն, երբ միջազգային շուկայում է հացահատիկի գների իջեցում լինում, չգիտես ինչու, մեզ վրա դա չի ազդում:
Պարոն Վերդյանի տվյալներով, նախորդ տարի շաքարավազի գները մեր երկրում աճել են 38 %-ով, մինչդեռ միջազգային շուկայում այդ նույն ապրանքատեսակի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 27 %-ով: Ըստ վերլուծաբանի, այսինքն` միշտ չէ, որ արտաքին տենդենցները անդրադառնում են մեր շուկայում կայացած գների վրա. «Հետեւաբար սրանք խնդիրներ են, որ մենք պետք է փնտրենք մեզ մոտ»:
Պարոն Վերդյանի համոզմամբ, հացահատիկի հետ կապված խնդիրները հաշվի առնելով, նաեւ այն, որ կախված ենք միջազգային շուկայի զարգացումներից, մոտակա 5 տարին անհարժեշտ կլինի ցորեն ներկրել, ուստի շատ կարեւոր է մեխանիզմների մասին մտածել, սերմացուի հետ կապված հարցերը ճիշտ լուծել:
Կարդացեք նաև
Հրաչ Բերբերյանի տվյալներով, այս տարի նախորդ տարվա 6 ամիսների համեմատությամբ մոտ 45 հազար տոննա ավել է հացահատիկ ներկրվել. «Սա ինչ ցուցանիշ է, միանշանակ ցուցանիշ է, որ Հայաստանում բերքի պակաս է եղել»:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ


















































