
Մինչ դատաքննության սկսվելը կողմերին բաժանվեցին նախորդ նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից պատրաստված միջնորդությունները: Դատախազ Արթուր Դավթյանը կետ առ կետ տվեց իր դիրքորոշումը, մասնավորապես անդրադարձավ առգրավված իրերից ռեստորանային համալիրի համակարգչի պրոցեսորի ապահովության հարցը լուծելուն, իրեղեն ապացույց ճանաչելուն: Դատախազն ասաց, որ այս տարվա օգոստոսի 8-ին անջատվել է մաս՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ նրանք սպասում են պրոցեսորի հետ կապված եզրակացությանը: Նա նաեւ ասաց, որ առգրավված պրոցեսորը կնքվել է:
Կարդացեք նաև
Միջնորդություններից մեկը վերաբերում էր տեղանքի զննություն կատարելուն: Մեղադրողն ասաց, որ նախաքննության ընթացքում արվել է տեղազննություն, ընդ որում՝ մասնակցել է տուժողներից մեկը: Նա ասաց, որ եթե անհրաժեշտություն առաջանա տեղանքի զննության, ապա ինքը դեմ չի լինի, ավելին՝ այս միջնորդությունն առաջարկեց հետաձգել:
Տուժողի իրավահաջորդները միջնորդել էին նաեւ պարզել, թե արդյոք տեսաձայնագրման համակարգի արձանագրություն գոյություն ունի՞, թե՞ ոչ, պահանջել էին ընթերակաների տվյալները:
Ինչ վերաբերում է տուժող կողմի՝ «Հարսնաքարի» տեսախցիկների առկայությանը եւ տեղադրմանը, մեղադրողն ասաց, որ այստեղ էականը ոչ թե տեսախցիկների հեռավորությունն է, այլ արձանագրվածը:
Ինչ վերաբերում էր հաջորդ միջնորդությանը՝ առգրավել բոլոր պրոցեսորները (որպեսզի պարզվեր՝ դեպքի օրվա ֆայլեը պահպանվել են, թե ոչ), ապա մեղադրողն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքում չկա նման դատավարական գործողություն, ասել է թե՝ առգրավելու:
Տուժողները նաեւ միջնորդել էին ստուգման ենթարկել հիշողության կրիչները, թե արդյոք ժամանակի փոփոխություն կատարվե՞լ է, թե՞ ոչ: Այդ միջնորդությունը հետաձգվեց:
Ըստ դատախազի՝ միջնորդության «հաջորդ խումբը» վերաբերում էր տուժողների հագուստները իրեղեն ապացույց ճանաչելուն: Պարզվեց, որ գործում առկա է միայն տուժող Արտակ Բայադյանի հագուստը, իսկ մյուսների հետ կապված մեղադրողն ասաց, որ դատաքննության ձեռք բերած արդյունքներից հետո միայն այն ձեռք կբերվի:
Պաշտպանական կողմը միջնորդել էր նաեւ կենսաբանական փորձաքննություն նշանակել, որպեսզի թե ամբաստանյալների եւ թե տուժողների հագուստների մանրաթելերով որոշվի, թե ով ում է ծեծել, ինչ գործողություններ են կատարվել: Այս կապակցությամբ մեղադրողն ասաց, որ ամբաստանյալները գործել են միասնական դիտավորությամբ եւ որ էական նշանակություն չի կարող ունենալ նման փորձաքննությունը:
Ի դեպ, տուժողները միջնորդել էին անգամ, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը «կամավոր» ներկայացնի իր հեռախոսահամարները, դրանց վերծանումները, ֆուտբոլի ակադեմիայի անձնակազմի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, ամբաստանյալների իրական աշխատանքի վայրը, նրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Սակայն մեղադրողը առարկեց այդ միջնորդությունների դեմ, ասելով, թե դրանք որեւէ էական նշանակություն չեն կարող ունենալ ամբաստանյալներին առաջադրված հանցագործության իրավական գնահատականների հետ: Ամբաստանյալների պաշտպանները, որպեսզի դիրքորոշումներ արտահայտեն, խնդրել են ընդմիջում:
Տուժողի իրավահաջորդ փաստաբան Վահե Գրիգորյանը գտնում էր, որ ամբաստանյալների պաշտպանների կողմից ձգձգելու միտում կա, ավելին՝ հարցրեց. «Ի՞նչ համակարգված դիրքորոշում պետք է հայտնել, երբ կա 6 ամբաստանյալ»: Իհարկե, սրան առարկեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, հակադարձելով, որ տուժող կողմն է «համակարգված» բառն օգտագործել եւ որ կոռեկտ չէ իրենց նկատմամբ նման կարծիք հայտնելը:
Այսօր դատարան չեն ներկայացել տուժողներ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը, Էդգար Նիկոյանը եւ տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը:
Դատական նիստը հետաձգվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ



















































