Լրահոս
Օրվա լրահոսը

Միասեռականին փնտրեք ձեր ուղեղներում

Հոկտեմբեր 18,2012 10:20

«Պարադայի» ցուցադրման դեմ բողոքողները հասան նրան, որ այն չի ցուցադրվի Տիկնիկային թատրոնում։ Ոչինչ չունեմ ասելու։ Թող ընդհանրապես չցուցադրվի։ Բայց ինձ պարապ մարդու զբաղմունք են թվում այդպիսի բողոքները։ Ես չգիտեմ, թե ինչու չի կարելի ցուցադրել այդ կինոնկարը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու մեր հիմար սերիալները կարելի են, իսկ այդ կինոնկարը՝ ոչ։ Ինչու իշխանություն զավթել կարելի է, իսկ հոմոսեքսուալների մասին ֆիլմ ցուցադրել չի կարելի։ Հարցերը շատ են։

Ըստ իսч այդ կինոնկարի առաջացրած աղմուկը ուղիղ համեմատական է այս երկրի իրական խնդիրները շրջանցելու ջանքերին։ Ինչ-որ մի բանից պետք է բողոքեն մարդիկ։ Իշխանությունները սա գիտեն։ Նրանք գիտեն, որ բողոքելը կա ու կա, ուրեմն ինչո՞ւ չբողոքել այդ կինոնկարի ցուցադրության դեմ։ Ինչո՞ւ եք հերոսանում մարդկանց դեմ, որոնք նաև ձեր մեջ են, որոնք, չի բացառվում, որ նաև ընդդիմության մեջ են, մամուլում կան, կան նաև բողոքողների հարազատների մեջ։ Ավելի լավ է, ձեզ համար ճշտեք, թե ձեզ անձնապես ինչո՞վ է վտանգում այդ թեման։ Ես չեմ բացառում, որ այդպիսի վտանգ կա։ Բայց ինչո՞ւ այդ վտանգը պակաս լսելի կամ շոշափելի է, քան Էդուարդ Շարմազանովի այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանն անվերապահ հաղթելու է այս ընտրություններում, իսկ մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար։ Ես այս հայտարարությունից նույնպես նույնասեռականության հոտ եմ առնում, որովհետև ոչ մի արյունակցական աղերս չեմ գտնում Սերժ Սարգսյանի և Էդուարդ Շարմազանովի միջև։ Ինձ համար միասեռականություն է ցանկացած առանձին վերցրած գաղափարախոսություն, քանի որ այն ձևակերպում է ոչ միայն հանունները, այլև ընդդեմները։ Ինձ համար հասկանալի չեն գաղափարական բանակները, ինձ համար հասկանալի չէ, ասենք, որսորդությունը։

Ինչպե՞ս վարվենք սրանց հետ։ Ինձ համար հասկանալի չէ աղքատությունը, ես չեմ տեսնում, որ իշխանության մեջ որևէ մեկը կարող է ձևակերպել, ասենք, արտագաղթը և կարողանալ հակաթույն առաջարկել դրան։ Ուրեմն, ինչո՞ւ խոսել ընդդեմ «Պարադա» ֆիլմի, քանի դեռ իշխանությունը ՀՀԿ-ինն է։ Ինչո՞ւ «Պարադայի» դեմ բողոքողների ձայնը չի լսվում մնացած բոլոր խնդիրների մասին խոսելիս։ Միասեռականությունը զուտ ֆիզիկական իրողություն չէ, այն նախ հոգեբանական է, այն իր էության մեջ աղանդավորական է, ինչպիսին իշխանությունների երջանիկ անբովանդակությամբ հագեցած դեմքերն են բացառապես բոլոր հեռուստաընկերությունների էկրաններին։

Ո՞վ է եթերից խոսում շարքային մարդու խնդիրներից, ինչո՞ւ ձեզ վտանգավոր չի թվում այն, որ իշխանության գլխին է մի մարդ, որն այդպես էլ ընդդիմություն չի եղել։ Որ նա շրջապատված է մի թիմով, որոնք առանց բացառության ասում են. «Ինչպես իրավացիորեն նկատեց հանրապետության նախագահը…»։ Հետևաբար, եթե կռիվ ունեք, փորձեք այդ կռիվը ձևակերպել ձեր ներսում։ Իսկ ներսում ձևակերպելու համար դուք՝ իշխանություններդ, պետք է ոչ թե գործուղվեք Բրյուսել կամ Ստրասբուր՝գ մասնակցելու ճոխ-ճոխ նիստերի, այլ գնաք Հայաստանի գյուղեր։ Այնտեղ միասեռականությունը թեմա չէ մի պարզ պատճառով՝ այնտեղ թեմա է մի կտոր հացը, այնտեղ թեմա է քաղաքացու հանդեպ արհամարհանքը, այնտեղ թեմա է արտագաղթը, երբ հեռացողներից գյուղեր են վերադառնում միայն արագիլները։ Ու քանի որ ձեզ այդպես էլ գյուղերում տեսնող չի լինելու, պարզ է, որ Հայաստանում միասեռականության վտանգ չկա։ Կա ճիգ ձեր հոգեկան միասեռականությունը սեռական այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց վրա նաղդելու առաքելություն, որպիսին, ի դեպ, իշխանություն-ընդդիմություն հակամարտությունն է Հայաստանի անկախությունից ի վեր։

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031