
Արդյոք իշխանությունը քաղաքական ռեսուրս ունի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու: Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ, դա արդեն կախված է նրանից, թե իշխանությունը կունենա իրակա՞ն մրցակից, թե՞ կառավարվող: «Առաջին դեպքում, ուզի թե՝ ոչ, նորից գնալու է իշխանության պահպանմանը, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կա մի սահման, որից ավելի իշխանությունները երբեք իրենց թույլ չեն տալիս գնալ՝ ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու հարցում: Այդ սահմանն այն է, որ իրենք պետք է դոմինանտ ուժ մնան եւ խորհրդարանում, եւ նախագահի աթոռը իրենց պետք է պատկանի: Եթե այդ շրջանակում հնարավոր է ինչ-որ չափով ազատ եւ արդար ընտրություն ապահովել, իրենք դա անում են: Հենց իրենց պաշտոններին վտանգ է սպառնում՝ մոռանում են ցանկացած ազատ ու արդարի մասին՝ մտածելով իրենց պլանավորած նշաձողերը պահպանելու մասին»:
Այն որ նախագահը գումար էր խնդրել եվրոպական ընտանիքից՝ Հայաստանում իրականացվող «լրջագույն բարեփոխումները» ավարտին հասցնելու համար, նման չէ՞ր մուրացկանության՝ Aravot.am-ի հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նման բառեր կիրառել, որովհետեւ, ցանկացած երկրի ղեկավար, ուզի՝ թե ոչ, հրապարակայնորեն կամ ծպտյալ բանակցությունների ընթացքում պետք է փորձի փող հայթայթել: Ամեն դեպքում, մեր երկրին փող անհրաժեշտ է: Եվ ոչ միայն փող, այլեւ արտաքին ներդրումներ եւ այլն: Ուրիշ հարց է, որ երբ դու երկրի ներսում ունես հսկայական ռեսուրսներ ու դրանք չես օգտագործում, երբ ստվերը ամենատարբեր հաշվարկներով 30-40 տոկոս է, ինչն արդեն պետբյուջեին միլիարդի չափով գումար կապահովեր, եթե իբրեւ պետություն, կարողանայիր ոչ կոռուպցիոն համակարգ ապահովել: Դու ցույց չես տալիս քո բարեփոխումների միջոցով, որ այդ ռեսուրսը կարող ես օգտագործել, դա թողնում ես քո օլիգարխներին եւ զուգահեռ ասում ես՝ մեզ լրացուցիչ փող տվեք, արդեն անընկալելի է դառնում նաեւ եվրոպական գործընկերների կողմից»:
Իսկ այն գործընթացները, որ այժմ գնում են Հայաստանում՝ մի քանի կոռուպցիոն սկանդալներ եւ ընդամենը մեկ-երկու ձերբակալված, մեր զրուցակցի համոզմամբ, առայժմ հույս եւ հավատ չեն ներշնչում. «Երբ տեսնենք, որ դա արդյունքի է բերում, որ ոչ միայն հնչեցվում են գլխավոր կոռուպցիոներների անունները, այլ նաեւ պատժվում են: Ընդ որում՝ ոչ ընտրովի, մեկ կուսակցությունից, այլ անկախ կուսակցական պատկանելիությունից բոլոր չինովնիկները բերվում են օրենքի դաշտ, օլիգարխները զրկվում են մոնոպոլիաներից, վճարում են իրենց հասանելիք հարկերը՝ ողջ ծավալով, այդ ժամանակ կարելի է նաեւ լրացուցիչ միջոցներ խնդրել, ոչ մի խնդիր չկա»: Նրա կարծիքով միայն այդ պայմանների ապահովումից հետո կարելի է ակնկալել, որ Հայաստանին կտրվեն այդ գումարները, որովհետեւ. «Եվրոպայում էլ հիմարներ չեն նստած: Իրենք փողը շատ լավ հաշվել գիտեն, շատ լավ էլ պատկերացնում են եւ տեղյակ են թե Հայաստանում ի՞նչ է կատարվում»::
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































