
«Երիտասարդության կամք» հ/կ-ի նախագահ Աննա Գրիգորյանի խոսքով. «Կարեւոր է այն հանգամանքը, որ հավաքույթը երիտասարդական է: Ժամանակն է, որ երկու երկրների հայ երիտասարդները ճանաչեն միմյանց եւ երիտասարդական կամուրջ հաստատեն: Վրաստանը տարածաշրջանի միակ քրիստոնյա երկիրն է, հետեւեաբար, պետք է քրիստոնեական արժեքները միասնաբար պահպանել: Առաջիկայում դեպի Վրաստան կազմակերպվելիք ուղեւորության ժամանակ մեր երիտասարդները կայցելեն երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական արվեստի կենտրոն, բացի այդ` մեզ հետ տանելու ենք հայրենասիրական գրականություն»: Աննա Գրիգորյանը վստահ է, որ Վրաստանի եւ Հայաստանի հայերի միջեւ շփման հարցում խոչնդոտներ չեն առաջանում. «Քաղաքական փոքրիկ ինտրիգները, ինչպիսիք են հայկական դպրոցների եւ եկեղեցիների հանդեպ վերաբերմունքը, չեն կարող հարաբերությունների վրա առանձնակի հետեւանքներ ունենալ»:
«Անմար կրակներ» ռազմահայրենասիրական հ/կ-ի նախագահ, արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Ասիա Բարխուդարյանը հայտնեց, որ կազմակերպությունը վերջերս հրատարակել է «Գարեգին Նժդեհ` ազգային-պետական հավատամք» գիրքը, որ կվիրվի միջոցառման մասնակիցներին. «Գիրքն ընդգրկում է Նժդեհի կյանքը, ասույթներ նրա մասին: Այն նախատեսված է զինծառայողների, բուհերի ուսանողների եւ դպրոցականների համար»:
Հերոս-կինը երիտասարդներին եւ աշխարհին խաղաղություն է ցանկանում. «Թող ոչ մի պետությունում այլեւս պատերազմ չլինի; Թող ես լինեմ պատերզմը վերջինը տեսած սերնդի ներկայացուցիչը»:
Կարդացեք նաև
Երիտասարդ կատարող, արվեստագետ Վարդան Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի եւ Վրաստանի ժողովուրդները վերջին տասնամյակում առավել շատ են շփվում եւ մշակութային երկխոսություն հաստատում. «Դա մեր պատմությունը վերարտադրելու եւ դրան շարունակականություն հաղորդելու միջոց է: Առիթը մշակույթն է՝ մեր երգը, պարը, խոսքը, որոնք ինքնին լեզու են եւ պետության նկարագիր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































