ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը դեռ մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը նամակ էր ուղարկել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ուր անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած խայտառակ գործարքին, առաջարկել էր փոփոխություններ կատարել «ԵԽ անդամ երկրներում դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ» ստրասբուրգյան կոնվենցիայում, ինչը հանրավորություն կտա կանխել կոնվենցիայի չարաշահումները։ Այդ կոնվենցիայի չարաշհմամբ էր, որ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց Սաֆարովին։
Երեկ Նաիրա Զոհրաբյանը ստացել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի պատասխանը, ուր ԵԽԽՎ նախագահն ասում է՝ «Ինչպես գիտեք, ես խստորեն դատապարտել եմ Սաֆարովի արտահանձնումը, եւ համաձայն եմ ձեզ հետ, որ այդ քայլը լրջագույն մարտահրավեր է մեր կազմակերպության արժեհամակարգին եւ չափորոշիչներին։ Ինչպես եւ նախատեսված էր, սույն թվականի հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ լիագումար նիստն անդրադարաձավ այդ հարցին եւ արդեն իսկ հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ բյուրոն, ինչպես տեղյակ եք, որոշում կայացրեց հանձնարարել Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովին պատրաաստել զեկույց՝ «ԵԽ անդամ երկրներում դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ» կոնվենցիայի չարաշահումները կանխելու միջոցներ ձեռնարկելու համար։ Վստահ եմ, որ հանձնաժողովի զեկույցը հնարավորություն կտա ապագայում կանխարգելելու նման երեւույթները»,-ասված է ԵԽԽՎ նախագահի պատասխան նամակում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: