
Դիտարկմանը, որ ՀԱԿ-ը իրեն արդեն սպառել է եւ դաշտում մնալու համար ուզում է մտնել, այսպես ասած, ԲՀԿ-ի թեւի տակ՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը այն ուժը չի, որ մտնի ինչ-որ մեկի թեւի տակ, դառնա կցորդ, այսպես ասած: ՀԱԿ-ը դեռ ցույց կտա իր ուժը: Չի եղել մի ուժ, որ կարողանա միավորել այսքան ուժերին: Լինում են պահեր, որ քաղաքական ուժը անկում է ապրում, վերելք է ապրում: ՀԱԿ-ը հիմա վերելք է ապրում»: Հարցին՝ իսկ ՀԱԿ-ը երբեւէ անկում ապրե՞լ է, հիմա վերե՞լք է փաստորեն՝ պատգամավորը պատասխանեց. «Լինում են պահեր: ՀԱԿ-ը որոշ չափով պասիվացավ, հիմա վերագտել ենք մեզ»:
Անդրադառնալով Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ՝ ՀԱԿ պատգամավորը դա այսպես մեկնաբանեց. «Նա ասել է, որ երկիրը փրկելու համար բոլորի հետ էլ կարելի է համագործակցել, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասով իրենց ուղղակի պետք է հուշել, որ թողեք- գնացեք: Համագործակցությունը այսպես ենք հասկանում»:
Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք շուտով փոթորիկ է լինելու, ո՞վ է անելու այդ փոթորիկը, մի քիչ փակագծերը բացեք՝ նա պատասխանեց. «Վախենում եմ սխալվել, որովհետեւ մի անգամ ասացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ուշացավ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը արդեն փոթորիկ կառաջացնի»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին Մարտի 1-ի մեղավորների ցուցակը, որտեղ ԲՀԿ ղեկավարի անունն էլ կար, հարցին՝ դա հաշվի առնելով՝ Լեւոն Զուրաբյանը ո՞նց է գնում համագործակցության՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի համար բոլորը պատասխան են տալու, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը, եթե ռեժիմի հետ հնարավոր չէ պայքարել, պետք է մտնես համագործակցության՝ ուրիշ քաղաքական ուժերի հետ: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ԲՀԿ-ն հիմա հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու. «Իսկ եթե ոչ, նա ՕԵԿ-ի տեղը կզբաղեցնի»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներին՝ պատգամավորը պատասխանեց. «ՀԱԿ-ում միանշանակ բոլորն են այդ կարծիքին, որ մենք պետք է ունենանք սեփական թեկնածուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































