
Նախարարին նաեւ հիշեցրինք, որ վերջերս Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցպահովության նախարարի թեկնածու Ամիրան Գամկրելիձեն հրաժարվեց իրեն առաջարկված պաշտոնից, ընդամենն այն պատճառով, որ իր որդին ապահովագրական մասնավոր ընկերության ղեկավար է, եւ, ըստ նրա, դա բարոյական անհարմարություններ կստեղծեր իր համար: Արդյոք մեր նախարարի համար էլ բարոյական անհարմարություններ եւ շահերի բախում չե՞ն լինի, բայց Հայաստանի դեպքում` պաշտոնատար անձանց հետ, պարոն Դումանյանն ասաց. «Ես որեւէ շահագրգռվածություն չունեմ, ու ես ինձ իսկապես անկախ եմ զգում` բոլոր հարցերը օբյեկտիվ լուծելու համար: Իսկ եթե ԱԺ-ում որեւէ օրենք էլ քննարկվի, անպայման նախարարությունն իր կարծիքը կհայտնի, եւ որեւէ մեկը չի կարող իր լոբբինգն անել: Եթե այդ հիմնարկներում որեւէ խնդիր էլ լինի, ես կարող եմ միջամտել, մանշանակ, մի’ կասկածեք: Մինչեւ հիմա այս 4 ամսում, բոլոր կասկածները` բոլորի մոտ վերացել են: Ես երկար տարիներ այս համակարգում եմ, գիտեմ լավ եւ վատ կողմերը: Լավն այն է, որ համակարգը լավ գիտեմ, գիտեմ ով` ինչով է շնչում, ով` ինչով է առաջնորդվում: Իսկ վատն այն է, որ քո կոլեգաներն են ու երկար տարիների ընթացքում նաեւ ընկերներ են: Բոլորն իմ բնավարությունը գիտեն, ես բոլորին խնդրել եմ, ասել եմ` ընկերությունը` ընկերություն, բայց պետք է բոլորս մեր ուժերը ներդնենք, որ կարգ ու կանոն սահամանենք համակարգում, եթե նույնիսկ ի վնաս ձեզ` մասնավորի կամ չգիտեմ` անձնականի: Բոլորը ինձ խոստացել են, որ հենց այդպես էլ աշխատելու են»:
Պարոն Դումանյանի վստահեցմամբ` այն հիմնարկներում որտեղ պետպատվեր կա, եւ եթե որեւէ քաղաքացի դժգոհություն ներկայացնի կամ կաշառք վերցնելու դեպք արձանագրվի, պայմանագիրը կլուծարեն, պետպատվերն էլ այդ կլինիկայից կհանեն. «Հիմա խաղի կանոնները պետք է հստակ դնել, որ բոլորն իմանան` այսպես է լինելու, ու բոլորն էլ գիտեն` ես երբեք իմ ասածից հետ չեմ կանգնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































