
Կարելի է փաստել, որ Ադրբեջանն իր քայլերով և կամակորություններով ղեկավարում և ուղղորդում է Մինսկի խմբին՝ ղարաբաղյան բանակցությունների ամբողջ գործընթացը պահելով սեփական քմահաճույքի իշխանության ներքո:
Որպես կանոն, վերջին տարիներին հայկական դիվանագիտությունը համրորեն հետևում է այս իրողություններին, ավելին, ամբողջովին դառնում է Ադրբեջանի թելադրած խաղի մասնակիցը:
Նման վարքը ես կբացատրեի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարծրատիպերով, ինչպես նաև գործընթացից հոգնածությամբ: Հայաստանյան իշխանությունները մինչ այժմ զլանում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելը, Արցախը ճանաչելը կամ գոնե Արցախի հետ ռազմավարական պայմանագիր ստորագրելը (ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս նման պայմանագրեր ստորագրել նաև չճանաչված երկրների հետ): Տարբեր երկրների վարչատարածքային միավորների կողմից Արցախի ճանաչումը ՀՀ քաղաքականության արդյունք չէ, դրանք հիմնականում հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի պտուղն են, որոնք շատ հաճախ ՀՀ-ի հետ չեն համաձայնեցվում: Հայաստանի Հանրապետությունը նաև ջանքեր չի գործադրում Արցախին բանակցային գործընթացում կարևոր դերակատար դարձնելու համար: Ավելորդ «բեռ» չստանձնելու, «նոր գլխացավանք» չունենալու համար ՀՀ իշխանություններն ուղղակի տրվում են Ադրբեջանի կողմից ուղղորդվող բանակցային տրամաբանությանը՝ անկարող լինելով նոր մոտեցումներ առաջ քաշել:
Կարդացեք նաև
Այս ամենի պատճառով ղարաբաղյան հակամարտության գլխավոր դերակատարը դարձել է Ադրբեջանը: Պաշտոնական Ստեփանակերտը առանց Երևանի համաձայնության քայլեր չի ձեռնարկում: 15 ամիս ԱԳ նախարարի պաշտոնը թափուր պահելուց հետո նոր նախարարի նշանակումը նույնպես մեծ փոփոխություններ չի կարող առաջացնել այս ամենի մեջ: ՀՀ նախագահականին սպասարկող վերլուծական կենտրոնը ոչ թե տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկներ ներկայացնող մարմին է, այլ լավագույն դեպքում ՀՀ-ում վարվող քաղաքականության արդարացնողն ու այն քննադատողներին պատասխանողը:
Նման իրավիճակում ելքը միայն Երևանում և Ստեփանակերտում նոր կոմպետենտ քաղաքական թիմերի առաջացումն է, թիմեր, որոնք ի վիճակի կլինեն առաջ քաշել նոր գաղափարներ, լոբբինգ անել դրանք ու տարբեր մեթոդներով առաջ մղել, իրենց հետևից տանել մարդկանց: Ժամանակն է հրաժարվել հոգնած էլիտաներից և նոր ելքեր փնտրել կյանքի տարբեր ոլորտների ճգնաժամերից դուրս գալու համար:
CIVILNET


















































