
Կրթության անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հայտնեց, որ զեկույցը ստեղծվել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգով դրամաշնորհային նախագծի շրջանակում, իսկ զեկույցի հրատարակության խնդիրներին աջակցել է Հայաստանում «Տեմպուս» գրասենյակը:
«Մեր առջեւ դրված խնդիրներից էր՝ համաեվրոպական կտրվածքով կատարել Բոլոնիայի տասնամյա գործընթացի ամփոփում, վերլուծել հայաստանյան բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները: Ուսումնասիրության առարկաներից էր եռաստիճան բարձրագույն կրթական համակարգը եւ դրան առնչվող ծրագրային բարեփոխումները եւ որակի ներքին ապահովումը»,-ասաց փորձագետը:

Կարդացեք նաև
Խոսելով զեկույցից՝ նախարարն ասաց, որ վերջին տարիներին առաջին անգամ նախարարությունը Հայաստանի լավագույն անկախ փորձագետներին խնդրել է անաչառ կարծիք հայտնել Բոլոնիայի գործընթացում Հայաստանի զբաղեցրած տեղի մասին. «Այս զեկույցով անկախ փորձագիտական հանրույթը պետության համար դառնում է կարեւոր աշխատանքի արդյունք դարձած նյութի հեղինակ: Ակնհայտ է, որ զեկույցը մերկացնում է առկա խնդիրները եւ նոր հարցադրումներ առաջադրում: Չեմ ասում, թե դրանում գրվածը վերջին ատյանի ճշմարտություն է: Բնականաբար, փորձագետներն իրենց կարծիքները զետեղել են խորհրդատվական շրջանակի մեջ, բայց ակնհայտ է, որ զեկույցը լուրջ հիմք է հանդիսանում՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքը ճշգրտելու, բարեփոխումներն ավելի նպատակային դարձնելու եւ թույլ ուղղությունների վրա հավելյալ շեշտադրումներ կատարելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































