
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Մնացականյանը նշեց, որ ճիշտ է, ինքը առաջին մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց ատենախոսություն է պաշտպանել ազգագրության թեմայով եւ 7 տարվա փորձ ունի սոցիալական ոլորտում: Նա փաստեց, որ լինելով ՀՕՄ-ի ատենապետուհի, աշխատել է մանկատան շուրջ 300 սաների հետ, ու հիշեցրեց, որ ինչպես արեւմտյան, այնպես էլ խորհրդային մանկավարժները մանկատան տնօրեններ ու վարիչներ են եղել, ինչպես Մակարենկոն, Օդոեւսկին, Պեստալոցցին:
«Մշակութային ընտանիքում եմ ծնվել՝ հայրս գրող էր, չնայած ուներ տեխնիկական կրթություն, մայրս Լիսիցյանների գերդաստանից է, կնքահայրս՝ Վիլյամ Սարոյանն է, ամուսնանալուց հետո էլ հայտնվել եմ մշակութային ընտանիքում: 14 տարի ամուսնուս հետ միասին բնակվել եմ Քոչարի 13 հասցեում՝ նկարիչների արվեստանոցների շենքում: Այսինքն՝ իրականության մեջ իմ ամբողջ մթնոլորտը եղել է մշակութային եւ նկարիչների հետ շատ հաճախ եմ նույն օդը շնչել»,-նշեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատարը ու փաստեր բերեց, թե ինչպես է տարիներ շարունակ կապված եղել կրթօջախի հետ եւ հիմա ինչ է փոխվել՝ իր գալուց հետո:
«Ես շատ բարձր վարձատրվող աշխատանք ունեի, ու աշխատանքի հարց լուծելու խնդիր չունեմ: Ծրագրեր էի բերում, ինձ այդ դաշտում ճանաչում են: Ես աշխատել եմ անընդհատ փոխվող սոցապ նախարարների ու վարչապետի հետ, ընդ որում՝ դա չի եղել քաղցր-մեղցր հարաբերություն, բանավեճերի արդյունքում շատ լավ ծրագրեր են ծնվել: Ես եկել եմ, որովհետեւ քոլեջում կար խնդիր, ու քանի որ իմ ամուսինը իր վերջին 5 տարիները ուղնուծուծով տրվեց Թերլեմեզյանին, ես չեմ կարող անտեսել էդ էներգիան ու հոգին, որ ներդրվել է: Ու եթե ինչ-որ բան պիտի շարունակվի, կուզենամ, որ հենց իր նախագծած ծրագրերը շարունակվեն»,- ասաց տիկին Մնացականյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































