«Բենտոնիտ» գործարանի վերաբերյալ մեր հարցերին գործարանի տնօրեն Գագիկ Մահտեսյանը նախկինում չէր պատասխանել, ասելով որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: Գործարանի տնօրենի հետ Իջեւան քաղաքում մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ ներկայումս գործարանն ունի 87 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ: Հոկտեմբեր ամսին գործարանն ընդունել է 7 նոր աշխատող: Ներկայումս այն աշխատում է ոչ լրիվ հզորությամբ: Ձեռնարկությունն ունի թափուր 50 աշխատատեղ, որոնք աստիճանաբար լրացվում են: Նրա վկայությամբ՝ վերջին 4 տարում «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ բաժնետերերի կողմից մեծ աշխատանք է կատարվել անգործության մատնված գործարանը վերականգնելու համար, տեղադրվել են եվրոպական եւ ռուսական նոր սարքավորումներ: Ընկերության ղեկավարությունը վրացական եւ հայկական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի շնորհիվ ամեն ամիս բեռնատարներով եւ երկաթուղով արտահանում է 2000-3000 տոննա արտադրանք՝ բենտոնիտի մշակված փոշի: Գագիկ Մահտեսյանը հայտնեց, որ գործարանի արտադրական կարողություններն աստիճանաբար ավելանում են: Անդրադառնալով նախկինում մեր առաջադրած հարցին, նա ասաց,որ 7-8 տարի առաջ գործարանից հին, փչացած, չգործող հոսքագիծ է վաճառվել եւ այն այժմ գտնվում է ոչ թե Ադրբեջանում, այլ՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքի ցեմենտի գործարանում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: