
Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը: Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը: Արցախի ժողովուրդն այդ իրավունքը վաստակել է թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ ամրագրել հանրաքվեով:
Ինչ վերաբերում է նրան, որ չպետք է թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումը, ապա հարկ է հիշել իրենց նախկին առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի խոսքերը. «Չկա ադրբեջաներեն, կա միայն թուրքերեն»: Այսինքն` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետությունը:
Իսկ Շուշիում Բյուլբյուլի արձանի կանգնեցման առնչությամբ նշեմ, որ դրա հնարավորությունը սպառված չէ. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում եւ իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները»:


















































