Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Դատավճիռը Տիգրան Առաքելյանի մասով համարում եմ ոչ արդար»

Նոյեմբեր 01,2012 17:54 Share

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեռ սեպտեմբերին որոշել էր այցելել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ պայմաններին, որպեսզի հնարավորինս համապարփակ ինֆորմացիա հավաքեր նոյեմբերի 20-ին հրավիրվելիք խորհրդարանական լսումների համար: Այսօր այդ շրջանակներում նշված երկու հանձնաժողովների անդամներն այցելեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց հանդիպման արդյունքում գրանցված խնդիրների և անելիքների մասին: Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ՝ իրենք նախ այցելել են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Նրա դատավճռի կապակցությամբ Ն. Զոհրաբյանն ասաց. «Դատավճիռը Տիգրան Առաքելյանի մասով համարում եմ ոչ արդար: Ուզում եմ ակնկալել, որ Վերաքննիչ դատարանը, որը վաղը քննելու է այդ հարցը, արդար որոշում կկայացնի, չնայած առանձնապես լավատես չեմ այդ հարցում»:

Վերջին շրջանում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցան մի շարք բողոքի ակցիաներ. դատապարտյալներից մեկը ճկույթն էր կտրել, կոպերն ու շրթունքները կարել, հացադուլ հայտարարել: Նրանց ևս հանդիպել են ԱԺ հանձնաժողովների անդամները, լսել նրանց խնդիրները: Այս առիթով Ն. Զոհրաբյանն ասաց. «Հիմնական բողոքները դատավարության ոչ արդար լինելու հետ են կապված, ինչը նշված երկու հանձնաժողովների խնդիրը չէ: Մեր խնդիրն է պարզել, թե ինչ պայմաններում են պահվում նրանք, ինչ բողոքներ ունեն: Եթե իրապես խնդրահարույց վճիռներ կան, նաև դրանք կբարձրացնենք պատկան մարմինների առաջ»: ԱԺ հանձնաժողովականները պետք է այցելեին նաև, այսպես կոչված, փուչիկների գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանին: Սակայն ինչպես տեղեկացրեց Ն. Զոհրաբյանը, նա կալանքի մեջ չէ, քանի որ նրա գործը գտնվում է  Վճռաբեկ դատարանում՝ երկրորդ դատական ատյանի վարույթում: Բայց նրա դեմ կայացված վճռի մասին Ն. Զոհրաբյանն ասաց. «Գործը մեր ուշադրության կենտրոնում է: Զուտ  մարդկայնորեն և բարոյական հաթության մեջ դիտարկելով՝ կարծում եմ, որ վճիռը, որ հրապարակվել է Սերոբ Բոզոյանի նկատմամբ, պիտի վերանայվի: Մարդը քաղցկեղով հիվանդ է, խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ: Եվ ընդհանրապես պետք է պարզվի նրա իրական պատասխանատվության չափը: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ լրջագույն խնդիրը շարունակում է մնալ խցերի գերբեռնվածության, գերբնակության հարցը, ինչին միջազգային կառույցներն իրենց զեկույցներում ևս անդրադարձել են: Ն. Զոհրաբյանը բարձրաձայնեց նաև մեկ կարևոր խնդրի մասին. «Ինչո՞ւ հնարավոր չէ մի սենյակ հատկացնել քրեակատարողական հիմնարկում, որտեղ skype-ի միջոցով մարդը կսպառի իրեն հատկացված կարճաժամկետ տեսակցության րոպեները: Մենք պնդելու ենք, որ օրենքով դա ընդունվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930