
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը համապատասխան պետական լիազոր մարմնի տրամադրած թույլտվության շրջանակներում, դրանով նախատեսված ծավալներով ջրառ է կատարում Շնող գետի Խառատանոց վտակից խճի լվացման տեղամասում օգտագործելու համար: Լվացման արդյունքում ջրին, բնականաբար, խառնվում է որոշակի քանակությամբ հող և ավազ: Որևէ թունավոր կամ շրջակա միջավայրի համար առանձնապես վտանգավոր քիմիական տարրեր այդ գործընթացում չեն օգտագործվում և ջրերին չեն խառնվում: Այդուհանդերձ՝ արտահոսող ջրերում կախված մասնիկների պարունակության՝ թույլատրելի առավելագույն չափաքանակները չգերազանցելու համար հոսքաջրերի մեխանիկական մաքրում իրականացնելու նպատակով տվյալ արտադրամասում կառուցված են պարզարաններ, որտեղ ջուրը պետք է մաքրվի հողից և ավազից, իսկ պարզարաններում կուտակված տիղմը՝ պարբերաբար հեռացվի՝ ամբարվելով լցակույտերում: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» տարածած լուսանկարներն արվել են այնպիսի իրադրությունում, երբ այդ պարզարանները տեխնիկական պատճառներով չեն գործում, և խճի լվացման տեղամասից հոսքաջրերը հողի ու ավազի խառնուրդի հետ միասին լցվում են Շնող գետի Խառատանոց վտակը: Խնդրի մասին տեղյակ է եղել նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության ղեկավարությունը, և իրադրության հնարավորինս արագ շտկման համար օպերատիվ միջոցառումներ սկսել են իրականացվել դեռևս մինչև վերոնշյալ հրապարակումը:
Չնայած այն հանգամանքին, որ տարածված լուսանկարներն ուղեկցող տեքստերում տեղ գտած որոշ գնահատականների հետ համաձայն չենք, մենք բարձր ենք գնահատում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» քաղաքացիական զգոնությունը, մեր և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչների ուշադրությունն այդ հարցի վրա հրավիրելը համարում ենք կառուցողական մոտեցում և սույնով շնորհակալություն հայտնում նախաձեռնության անդամներին տվյալ գործողության շրջանակներում դրսևորած պատասխանատու քաղաքացիական կեցվածքի համար:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը», չփորձել առիթն օգտագործելով նսեմացնել շրջակա միջավայրի մաքրման ուղղությամբ տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների նշանակությունը և ցեխ նետել դրանց վրա: Մենք այն համոզմանն ենք, որ ընդհանուր նպատակները պետք է միավորեն քաղաքացիական հասարակության կառույցների ջանքերը, ոչ թե հակադրեն դրանք միմյանց: «Թեղուտ» ՓԲ ընկերությունը պատրաստակամ է իր գործունեության բնապահպանական բնութագրերի, ինչպես նաև տարածաշրջանում բնապահպանական իրադրության բարելավման խնդիրներով կառուցողական երկխոսության և համագործակցության ցանկացած անձի և կազմակերպության հետ:
Կարդացեք նաև
Հարգանքներով՝
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին


















































