
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր , թե իրենց առաջարկած նոր մարմնում բացառապես ընդգրկված են լինելու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ որպես հակակշիռ իշխանությանը: Aravot.am-ն այս առիթով պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ընդդիմության քայլերը, արդյո՞ք այն կարող է իրական հակակշիռ լինել: Նա պատասխանեց. «Քանի որ խոսքը ինստիտուցիոնալ քայլերի մասին է, երկարաժամկետ կտրվածքով իրականացման, ապա այդ պարագայում էական չի լինում, թե ընդդիմությունն ով է ներկայացնում: Այն ևս շահագրգռված է, որ իր աշխատանքը երևա: Ողջ աշխարհում ընդունված է այս ձևը, որը հնարավորություն է տալիս նաև ընդդիմությանը համապատասխան լիազորություններ ունենալով առողջացնել կառավարման համակարգը: Եթե անձերի, կամ անունների շուրջ գործընթացը լինի, անընդհատ սխալվելու ենք»: Հետաքրքրեցինք՝ նիստի ընթացքում իշխանության հստակ տրամադրվածություն կա՞ր՝ կոռուպցիոն խնդիրները լուծելու հարցում, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Տրամադրությունների ժամանակը վաղուց անցել ենք, հիմա գործնական քայլեր են պետք»:
Զրուցեցինք նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Քանի որ նա հայտարարել էր, որ ՀՅԴ-ն ընդունել է համատեղ պայքարելու՝ իշխանության առաջարկությունը , հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ցույց տվեց խորհրդի նիստը, արդյո՞ք իշխանության կողմից իրենք լուրջ մտադրվածություն կոռուպցիոն խնդիրները լուծելու առումով տեսնում են, թե՝ ոչ: Պարոն Մինասյանը նշեց. «Պետք է չչարաշահել համագործակցություն բառը:Մենք ասել ենք, որ պատրաստ ենք մեր առաջարկությունները ներկայացնել, քանի որ առաջարկվողները մեր ծրագրային կարևորագույն դրույթներից են: Վաղուց Դաշնակցությունը հանդես է եկել հակակոռուպցիոն անկախ գործակալություն ստեղծելու առաջարկով: Դրա շուրջ է, որ մենք ելնելով քաղաքավարությունից մասնակցել ենք խորհրդի նիստին: Մեր առաջարկները ներկայացրել ենք և արագ կերևա՝ արդյո՞ք կառավարող ուժն անկեղծ է իր հայտարարությունների մեջ: Եթե իսկապես ուզում է կոռուպցիայի դեմ պայաքարի համար գործողություններ ձեռնարկել, պիտի ընդունի նաև մեր առաջարկները»: Հարցին՝ ի՞նչ նկատի ունեն «քաղաքավարությունից ելնելով» ասելով, պարոն Մինասյանը պատասխանեց. «Նկատի ունենք, որ այս պահին մենք համոզված չենք, որ իրենք ուզում են անկողմնակալ պայքարել, բայց նաև բավարար հիմքեր չունենք հակառակը պնդելու: Ժամանակը ցույց կտա: Սակայն ողջունելի է, որ իշխանությունը ընդունում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է եղել : Սա ինքնախոստովանություն է, մնում է որ դրանից հետևություններ արվեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































