
Հարցին՝ Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր հայտնած տեսակետները ՀԱԿ-ում ներկայացնում են եւ բնութագրում են՝ որպես մասնավոր կարծիք, ինչպես հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ թեմայի մասին մանրամասն խոսել եմ: Իմ ասածին որեւէ բան ավելացնելու եւ պակասեցելու բան չունեմ»: Դիտարկմանն ի պատասխան, որ Ձեզ ՀԱԿ-ում մի տեսակ մղում են լուսանցք՝ Նիկոլ Փաշինյանն վստահեցրեց, որ այդ գնահատականները չի կիսում:
Հարցին՝ ՀԱԿ-ԲՀԿ հավանական համագործակցությունը տեղավորվո՞ւմ է Ձեր՝ նախկինում արած «Ոչ դոդացմանը…» կարգախոսի շրջանակներում՝ նա պատասխանեց. «Երբ որ ասվում է համագործակցություն, պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք: ՀՀԿ նախարար Արմենն Աշոտյանը խորհրդարան է բերել օրենքի նախագիծ՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ես եւ մեր խմբակցությունը կողմ է քվեարկել: Հիմա դա համագործակցությո՞ւն է, թե՞ համագործակցություն չի»: Լրագրողները ճշտեցին՝ ցանկացած տեսակի համագործակցություն տեղավորվո՞ւմ է, թե՞ չէ՝ պատգամավորը պատասխանեց. «Եթե այդպես բացարձակացնում եք, այն, որ երկու մարդիկ միեւնույն երկրի քաղաքացի են, շատ ցինիկ լինելու դեպքում կարելի է դա համագործակցության ձեւ որակել: Բոլոր դեպքերի վերաբերյալ ես շատ հստակ գնահատականներ տվել եմ: Իմ գնահատականներում որեւէ բան չի փոխվել: ՀԱԿ-ը արտահայտել է իր դիրքորոշումը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: ՀԱԿ-ը ունի իր թեկնածուն, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերը ուղղված են ուրիշներին»:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությանը՝ նա ասաց, որ եթե ընդհանրապես Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությանը ծանոթ ենք, սա առաջին անգամ չէ, որ նա «պաուզա» է վերցրել. «Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տեր-Պետրոսյանը պետք է այսինչ հայտարությունն անի այսինչ ամսվա այսինչ օրը՝ այսինչ ժամին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում ասի՝ «ես գնում եմ ծիրան աճեցնելու», ինչպես Հմայակ Հովհաննիսյանն էր ասել եւ դրանով հարցը փակվի՝ նա պատասխանեց, որ չի մեկնաբանի դա, քանի որ ծանոթ չէ այդ հայտարարություններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































