
Ե՞րբ Գյումրի կտեղափոխվի ԲՀԿ առաջնորդի նվերը, և որքանո՞վ են ճիշտ մեր տեղեկությունները, թե ԲՀԿ-ական վերնախավը թանկարժեք տեխնիկան ջարդուխուրդ լինելուց փրկելու համար քաղաքային իշխանություններին հարկադրել է վերանորոգել աղբանոցի ճանապարհը: Գյումրեցիներին նաև հետաքրքում է , թե ի՞նչ միջոցներով , ո՞ւմ հաշվին են կատարում ճանապարհաշինության աշխատանքները պարտքերի մեջ թաղված, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «ատկատներից» դժգոհող քաղաքային իշխանությունները:Այս հարցերի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից: Նա մեզ փոխանցեց, որ պարոն Ծառուկյանի նվիրած աղբահաններից 2-ն արդեն իսկ Գյումրիում են, 2-ը գտնվում են Երևանում, 4-ը ներկրվում են Հայաստան: Եվ որպեսզի գյումրեցիները չկասկածեն իր ասածին, Զոհրապ Եգանյանը մեզ ցուցադրեց ԲՀԿ առաջնորդի նվիրած տեխնիկայից տրակտորները, որոնք կայանած են Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկում:
Զոհրապ Եգանյանի պարզաբանմամբ` Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե աղբանոց տանող ճանապարհը վերանորոգվում է ԲՀԿ վերնախավի հարկադրմամբ, իրականության չեն համապատասխանում: Ավելին, ըստ մամլո քարտուղարի, ճանապարհի հարթեցման համար բյուջեից ոչ մի գումար չի ծախսվել, այդ աշխատանքներն իրականացնում է «Արամ էլիտշին» կազմակերպությունը, որը սեփական տեխնիկան է օգտագործում այս նպատակի համար , այսինքն Գյումրու քաղաքապետարանը ծառայության վճար չի մուծում , տեխնիկան անվճար է, հոգում է միայն դիզվառելքի ծախսը: Զոհրապ Եգանյանը նաև հավելեց, որ դրսից ներկրված տեխնիկայի մեխանիզմից ինչ-որ մաս փոխելու են այստեղի պայմաններին հարմարեցնելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































