
Կոնկրետ ԲՀԿ-ի առաջարկի մասով Արմեն Ռուստամյանը նկատեց, որ փաթեթից միայն մեկ-երկու կետ իրականացնելը չի կարող հասցնել այն արդյունքին, որ ձգտում է ՀՅԴ-ն: Նրա խոսքով՝ դաշնակցության առաջարկները չեն ձեւակերպվել երկու օր առաջ եւ խնդիրը մի քաղաքական այս կամ այն ուժից առաջ ընկնելը չէ, այլ այն, թե որքան լրջորեն քաղաքական ուժերը կքննարկեն առաջարկված փաթեթը: Միայն այդ քննարկումից հետո ՀՅԴ-ն կարող է անդրադառնալ ավելի սերտ համագործակցության եւ անձերի խնդրին:
Իսկ ո՞վ պետք է լինի անձը, որը կարողանալու է իրականացնել ՀՅԴ-ի գաղափարները: Ռուստամյանը մանրամասնեց. «Այդ անձը պետք է լինի նա, ով պատկերացնում է երկրի առջեւ ծառացած խնդիրները, պետական մտածելակերպ ունեցող, ճանապարհ անցած անձնավորություն է եւ ամենակարեւորը` վստահություն է ներշնչում, որ կստանձնի այն, ինչ մենք ասում ենք»:
Ինչ վերաբերվում է սպասվող քննարկումներին, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ հենց այսօրվանից բոլոր քաղաքական ուժերի հետ այս հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, քննարկումներ կանցկացվեն նաեւ հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ: ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով եւս դաշնակցական գործիչները խնդիր չեն տեսնում: «Դուռը որեւէ մեկի առջեւ չի փակում, պարզապես մի քիչ լավ նշաններ առայժմ չունենք»,- ասաց Ռուստամյանը՝ նկատի ունենալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ նախագծի մերժումը կառավարության կողմից:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այդ համախմբումը հնարավո՞ր է կայացնել` հաշվի առնելով այն, այլ քաղաքական ուժեր խոսում են նույն բանից եւ, բնականաբար, ցանկանում, որ իրենց շուրջ կայանա համախմբումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Թե ինչ է լինելու, որեւէ մեկը չի կարող երաշխավորել: Մենք գիտենք մեր քաղաքական դաշտը, հակասությունները, ամբիցիաները, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































