
Aravot.am-ի հետ զրույցում Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն ասաց, որ 2012 թվականին Հայաստանը վավերացրել է դեղերի կեղծման դեմ պայքարի Եվրամիության կոնվենցիան, որի նպատակն է նպատակաուղղված պայքար մղել կեղծ դեղերի տարածման դեմ:
Դասընթացին ներկա էին նաեւ ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսայինի աշխատակիցներ, որոնց Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի եւ առողջապահության վարչության մասնագետները «լուսավորեցին», թե ինչպես պետք է համակարգված պայքար մղել կեղծված դեղերի դեմ, որպեսզի պայքարն արդյունավետ լինի:
Միջոցառման ժամանակ քննարկվեցին նաեւ դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության արտադրանքի կեղծմանն առնչվող հարցեր, կեղծման դեմ պայքարի միջոցները, բախշման շղթայում հայտնվելու խնդիրները, դեղերի ինտերնետային առեւտրի թերությունները եւ այլ հարցեր, որոնք զուտ նախատեսված էին իրավապահ մարմինների աշխատակիցների համար եւ հրապարակման ենթակա չէին:
Նկատենք, որ մինչ այժմ դեղերի ոլորտի որեւէ վերահսկողական տեսչություն մեր երկրում չի գործել, կեղծ դեղերի դեմ պայքարն էլ ընդամենը վերջերս է ՀՀ նախագահի հանձնարարությամբ մտցվել ազգային անվտանգության ռազմավարության մեջ:
Պարոն Սահակյանի խոսքերով, հետխորհրդային տարածքում ստեղծվել էին բոլոր նպաստավոր պայմանները կեղծ դեղերի տարածման համար եւ խորհրդային կարգերի փլուզումից հետո, դեղերի ոլորտի կարգավորում, ըստ էության, չի իրականացվել, ֆինանսների ու մասնագետների բացակայությունը նույնպես նպաստել է, որ ոլորտը տարիներ ի վեր չկարգավորվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































