
Ինչ վերաբերվում է արտահանման եւ ներմուծման աճի տեմպերին, ապա ըստ Մինասյանի՝ «Եթե այս տարվա համար մեր արտահանման աճի տեմպը շուրջ 2 անգամ է գերազանցելու ներմուծման աճի տեմպին, ապա եկող տարվա համար նախատեսում է այս ցուցանիշի ավելի բարձր տարբերություն՝ հօգուտ արտահանման տեմպի: Կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ մեր ընթացիկ հաշվի պակասորդն է նվազում, եւ եկող տարվա համար կանխատեսում ենք երկնիշ հաշվի պակասորդից անցնել միանիշի»:
Մինասյանի փոխանցմամբ, երբ խախտվում է մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը, առանց դրանց կարգավորման, որեւէ սոցիալական խնդիր լուծել հնարավոր չէ:
«Ինչ վերաբերվում է արդյունաբերությանը, ապա եկող տարվա հիմնական ուղղությունը պետք է լինի այս տարվա ընթացքում որդեգրած պետական- մասնավոր համագործակցության խորացումը եւ այս բնագավառում ունենք լուրջ անհաջողություններ: Հայաստանն այնպիսի երկիր է, որի արդյունաբերությունը կարող է աճել, եթե միտված է արտահանությանը:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության բնագավառի հետ կապված էլ նշեմ, որ շարունակվելու է աջակցությունը, որը վերջին տարում էական նշանակություն է ունեցել գյուղատնտեսական աշխատանքի աճի բարձր տեմպի համար: Սուբսիդավորելու ենք բանկային տոկոսադրույքները, օժանդակելու ենք եւ սերմացուով եւ պարարտանյութով: Սոցիալական բնագավառի հետ կապված էլ ասեմ, այստեղ անցում ենք կատարում դրամական միջոցների տրամադրումից այն պայմանների ստեղծմանը, որպեսզի ընտանիքը, կամ անհատը այլեւս կարիք չունենա անընդհատ դրամական միջոցների հատկացման: Իհարկե բացառություններ կան, միշտ էլ կլինեն հասարակության այնպիսի անդամներ, որոնք ինքնուրույն չեն կարող իրենց մասին հոգ տանել, եւ պետությունը պարտավոր է շարունակաբար բարձրացնել նրանց նպաստներն ու թոշակները: Սակայն այս մարդիկ փոքրամասնություն են կազմում, շատ ավելի մեծ է այն անհատների ու ընտանիքների թիվը, որոնք ունեն աշխատելու հնարավորություն եւ չունեն աշխատանք: Այստեղ քաղաքականությունը կայանալու է հետեւյալում, ոչ թե կարիքավոր ընտանիքին ամեն անգամ ձուկ ենք տալու, այլ կարթ, որ նա ինքնուրույն որսա ձուկը եւ պետության հոգածության կարիքը չզգա».-հավելեց Մինասյանը, տեղեկացնելով, որ այս տարվա վերջին կունենանք 3,8 միլիարդ դոլարի պարտք, որը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի 37,2 տոկոսը, իսկ եկող տարվա համար՝ 4 միլիարդ դոլարի պարտք, որը հատկանշական է նրանով, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսը կպակասի՝ դառնալով 37: «Այս ցուցանիշով կմնանք միջին կամ ավելի շատ ցածր պարտք ունեցող երկրների շարքում: Ինչ վերաբերվում է պարտքի սպասարկմանը, ապա նշեմ, որ Հայաստանը այս առումով առանձնացել է ճշտապահ լինելով: Ի դեպ՝ եկող տարի մեր արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերն ավելանում է 40 միլիարդ դրամով»,-ավելացրեց Մինասյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































