
Երկրի ղեկավարը Մեղրու տարածաշրջանում մասնակցել է «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքին, որին ներկա էր գտնվում նաև ԻԻՀ ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության եւ ԻԻՀ կառավարության միջև Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել էին 2007թ. եւ 2008թ-ին, իսկ խորհրդարանների կողմից էլ դրանք վավերացվել էին:
Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում կսկսվի «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը, իսկ իրանական կողմում կկառուցվի «Ղարաչիլար» ՀԷԿ-ը, որոնց շինարարությունը կտեւի 5 տարի, դրանից հետո արդեն
Կարդացեք նաև
15 տարով «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան: 15 տարուց հետո էլ հայկական կողմի վրա կառուցված ՀԷԿ-ն արդեն պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:
Ըստ պաշտոնական տվյալների`մոտ 2 հազար աշխատողներ կընդգրկվեն ՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին, իրանական կողմի հետ համաձայնեցված է, որ կառուցման եւ հետագայում շահագործման աշխատանքներին ընդգրկեն տեղական մասնագետներին:
Երևանում 2010 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության եւ իրանական ներդրող «Թավան ԱբԱրազ» ընկերության միջև ստորագրված «Մեղրի» ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագրի համաձայն` իրանական ներդրող ընկերությունն ինքնուրույն պետք է լուծի ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական բոլոր հարցերը: Ներդրումային այս ծրագիրը մեր երկրում առաջին անգամ է իրականացվում:
Մեղրու տարածաշրջանում հիմնարկեքի արարողությունից հետո հանդիպում է կայացել երկու երկրների պատվիրակությունների միջեւ եւ երկուստեք հավաստիացրել են, որ կառուցվելիք «Մեղրի» ՀԷԿ-ը որոշ չափով իր նպաստը կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































