
Թե ինչպես է մեկնաբանում ՀՀԿ խոսնակի նման հայտարարությունը Դաշնակցությունը, Aravot.am-ը պարզեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ զրույցում: Նա այսպես արձագանքեց. «Ես իմ գործընկեր Շարմազանովին ավելի բարձր էի կարծում, չեմ ուզենա, որ նա իջնի այն մակարդակի, որ խեղաթյուրի Դաշնակցության հայտարարության նպատակներն ու մոտեցումները: Մենք ասել ենք, որ անձի խնդիրը ածանցվում է հիմնական հարցերից: Այն է՝ երկրի կառավարման համակարգում փոփոխություն իրականացնելը: Դրա համար էլ յոթ հիմնարար առաջարկները, որ ներկայացրել ենք, ունեն համակարգային բնույթ և որևէ անձով պայմանավորված չեն: Երկրի զարգացման խնդիրը այս յոթ հարցերի մեջ է թաքնված, և միայն դրանից հետո կարող ենք քննարկել սեփական թեկնածուի հարցը: Կարծում եմ՝ Շարմազանովն ինքն էլ է համոզված, որ Դաշնակցությունը թեկնածուների պակաս չունի, բայց մենք վեր ենք կանգնել նեղ կուսակցական շահերից, համապետական, համաժողովրդական, համահայկական կարողությունների տիրույթում ենք դիտարկում ՀՀ հետագա ընթացքը: Շարմազանովին խորհուրդ կտամ ու կառաջարկեմ ոչ թե մտնել նման տիպի խոսակցությունների մեջ, այլ նստել սեղանի շուրջ ու լուրջ քննարկումներ իրականացնել»:
Է. Շարմազանովի հայտարարության այն հատվածին էլ, թե «ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում ունի ընդամենը 5 պատգամավոր», Ա. Մինասյանն այսպիսի պատասխան տվեց. «Իմ հարգարժան գործընկերն ինքն էլ է համոզված, որ նման բնույթի խորհրդարանական ընտրությունների պարագայում, եթե Հանրապետականը լիներ ոչ իշխանական լծակներով օժտված ուժ, կարծում եմ շատ ավելի վատ արդյունքներ ցույց կտար»:
Մեր այն դիտարկմանը, թե գուցե ՀՀԿ-ում արդեն խուճապ է տիրում, այդ պատճառով էլ այդպիսի հայտարություններով են հանդես գալիս, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում բնութագրել իրենց կեցվածքը նման ձևով: Հակառակը, կոչ եմ անում, որ նստեն սեղանի շուրջ և բանավեճ ծավալեն ՀՀ-ի ապագայի վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես այս կամ այն անձին պաշտպանելով մոռանալ ամեն ինչ: Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»:
Կարդացեք նաև
Ամփոփելով ՀՅԴ պատգամավորը նշեց, որ Շարմազանովը, լինելով նժդեհյան գաղափարախոսության կրողը, առաջինը ինքը պիտի ողջուներ Դաշնակցության այս մոտեցումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































