
Հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարեւոր է համարում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Ըստ հեղինակի՝ Հայաստանում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հատվածի աղքատության հաղթահարման համար: 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար այս օրենքի պահանջների կատարման համար:
Օրինագծերի այս փաթեթի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունից: Հատկապես վիճահարույց է այն, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունը: Նախագծերի փաթեթը չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » օրենքի նախագիծը:
Կարդացեք նաև
Առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն, ըստ հեղինակների, կապահովի նաեւ ստվերային տնտեսության կրճատում:
Կառավարությունը այս նախագծին նույնպես բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ տնտեսական հետեւանքների եւ փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորումներ չկան: Մյուս կողմից առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը:
ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


















































