
Մեր խնդրանքով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` մեծամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ դիտարկումներին, մասնավորաբար, այն հայտարարությանը, թե իր նախագահության տարիներին չհաջողեց վերացնել մեծամասնական ընտրակարգն ամբողջությամբ, քանի որ իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ այդ ընտրակարգով եւ պատասխանելով դիտարկմանը` ո՞վ էր իշխանությունը, եթե ոչ նախագահն ու նրան սատարող ուժերը, Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, խոսքը իր ժամանակի իշխանության մասին է: Այո, եղել են դրական առումով փոփոխություններ, բայց մինչեւ վերջ չեն գնացել: Եթե երկրորդ նախագահն այսօր է ասում իշխանության այդ ֆորայի մասին, ապա մենք 10-15 տարի է նույն բանն ասում ենք: Ասում ենք` չի կարելի 100 մետր վազքում մրցել, եթե դու սկսում ես 41 մետրից, իսկ մյուսները պետք է գան ու քեզ հասնեն: Ակնհայտ է, որ սա ֆորա է»:
Հետաքրքրվեցինք` այսպիսով ո՞ւմ բոստանն է քար շպրտում երկրորդ նախագահը, որո՞նք էին այն ուժերը, որ ժամանակին նրան թույլ չեն տվել մինչեւ վերջ գնալ բարեփոխումների: Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Իր, այսպես ասած, նախկին բոստանը եւ այսօրվա այն ուժերի բոստանն, ովքեր համառորեն չեն ցանկանում հրաժարվել մեծամասնական ընտրակարգից»:
Իսկ Քոչարյանի հարցազրույցի ամենահիմնական միտքը, մեր զրուցակիցը համարում է հետեւյալը. «Այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»: Վարդանյանն քաղաքականացման այդ ընթացքը նկատելի է համարում, սակայն դժվարանում է համաձայնել, որ ԲՀԿ-ն այսօր լիարժեք կայացած քաղաքական ուժ է:
Կարդացեք նաև
Հարցին` քանի որ այժմ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ քաղաքական կոնսուլտացիաներ են գնում կուսակցությունների միջեւ, կարելի՞ է ասել, որ սա յուրօրինակ մեսիջ է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՅԴ-ն առաջնորդվում է իր օրակարգով եւ որեւէ այլ ուղղորդում չկա. «Մեր ճանապարհը հստակ է, մենք մեր ճանապարհը գիտենք, մեսիջների կարիք չունենք»:
Նա համանման պատասխան տվեց նաեւ այն հարցին` նախօրեին ՀԱԿ խմբակցության ղեկավարը` ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո չէր բացառել, որ միասնական թեկնածուով հանդես գան. հնարավո ՞ր է ինչ-որ փուլից ՀՅԴ-ն էլ միանա: Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ ինչ է ասում Լեւոն Զուրաբյանը, մենք մեր դիրքորոշումներն ունենք եւ չենք առաջնորդվում ուրիշների տեսակետներով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































