
Անդրադառնալով Հայաստան-Լատվիա հարաբերություններին, ինչպես նաեւ Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի ժամանմանը Հայաստան՝ Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարարի վերջին շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ընդամենը մեկ ամիս առաջ Էդգարս Ռինկեւիչսի «Ինչու է կարեւոր Արեւելյան գործընկերությունը» հոդվածին՝ նա ափսոսանք հայտնեց, որ Լատվիայի ԱԳ նախարարը, առանձնացնելով Վրաստանը եւ Մոլդովան՝ որպես երկրներ, որոնք լրջագույն առաջխաղացում ունեն եվրոպական ինտեգրման եւ ժողովրդավարության հարցում, փորձում է անհարկի հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Հայաստանում լինելու օրերին Լատվիայի արտաքին գործերի նախարարը կվերանայի իր դիրքորոշումը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ մեր երկրում եւս բազում խնդիրներ կան եվրաինտեգրման ճանապարհին, բայց Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատելու համար պետք է ունենալ շատ վառ երեւակայություն:
Այնուհետեւ անդրադառնալով 2012 թվականի փետրվարին Էդգարս Ռինկեւիչսի՝ Բաքու կատարած այցին եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ Նաիրա Զոհրաբյան նշեց, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ Ռինկեւիչսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Տիկին Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական մամուլի այս հայտարարությանը Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնական հերքում կամ պարզաբանում չհետեւեց, ինչը նա ակնկալում է ստանալ երեւանյան այցի ժամանակ:
Լատվիայի դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսը շնորհակալություն հայտնեց անկեղծ զրույցի համար եւ հույս հայտնեց, որ այցի ընթացքում բոլոր խնդիրները եւ կնճիռները, որոնք առաջացել են այս կամ այն հայտարարության հետ կապված՝ ԱԳ նախարարի այցի ընթացքում կպարզաբանվեն:
Կարդացեք նաև
ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


















































