
Այս շարքի հերթական «զոհը» Իսրայելի հեռուստաընկերություններից մեկում ինչ-որ հաղորդաշար վարող` նախկին բաքվեցի եւ «ազերինֆորմական» Դավիթ Կոնն է դարձել: 1990-ի օգոստոսին թողնելով Բաքուն եւ հաստատվելով պատմական հայրենիքում, Կոնը միայն վերջերս է «կարոտախտով հիվանդացել»: Այս հարցում նրան, իհարկե, մեծապես օգնել են Բաքվից:
Ի՞նչ է հիշել նախկին բաքվեցի «ազերինֆորմականը»: Պարզվում է, նա «եղել է այնտեղ. երբ ամբոխը Ստեփանակերտից շարժվել է Աղդամի վրա, երբ այնտեղ կանայք նրանց (ո՞ւմ- Վ. Ա.) բաժանել են»: Նա «այնտեղ է եղել, երբ հայկական կողմից հնչել է առաջին կրակոցը, որի հետեւանքով սպանվել է առաջին ադրբեջանցին, դա հակամարտության առաջին կրակոցն էր»:
Նախկին բաքվեցու հիշողությամբ «ինչպե՞ս է եղել. ամբոխը շարժվել է ամբոխի վրա, նրանք կանգ են առել, վիճել, բղավել, միլիցիան փորձել է ինչ-որ բան անել եւ հանկարծ` կրակոց, մարդը ընկել է»: Այսօրվա ընթերցողին`թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերի, այս պատմությունը ոչինչ չի հուշում: Բացի` որ ադրբեջանական քարոզչությունը նոր սերնդին հետեւողականորեն ներշնչում է, թե հակամարտության «առաջին զոհը եղել է ադրբեջանցի, սպանվել է հայերի կողմից»:
Խոսքը 1988-ի փետրվարի 22-ի իրադարձությունների մասին է: Բայց Դավիթ Կոնը փաստերը ներկայացնում է գլխիվայր. ոչ թե Ստեփանակերտից է «ամբոխը շարժվել Աղդամի վրա», այլ Աղդամից է միքանիհազարանոց խառնամբոխը շարժվել Ասկերանի վրա` «հայերին դաս տալու նպատակով»: Տարածաշրջանում «ադրբեջանական գործոնի» առաջին հիշեցումն էր դա: Փաստացի ապացույցը Ադրբեջանի ղեկավարներից մեկի, հետագայում` ՆԳՆ նախարար Ասադովի ասածն է, թե «100 000 ադրբեջանցի պատրաստ է ամեն վայրկյան ներխուժելու եւ գերեզմանոց դարձնելու Լեռնային Ղարաբաղը»:
Սպառնալիքը հնչել է 1988-ի փետրվարի 20-ին, եւ երկու օր անց խառնամբոխը գրոհել է Ասկերանը: Նույնիսկ ժամանակի խորհրդային մամուլն է անզոր գտնվել` կեղծելու ակնհայտ իրողությունները: Մոսկովյան թերթերում գրվել է, որ ամբոխը դեպի Ասկերան ճանապարհին ավերել է հայկական գյուղերի խաղողի այգիները, հրկիզել Խանաբադի կոլտնտեսության էլեկտրաաղացը:
Հարձակումը կասեցվել է Ասկերանում, եւ կրակոցներ, այո, հնչել են: Բայց ո՞ր կողմից: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում, հիմք ընդունելով զոհված ադրբեջանցու հարազատների վկայությունները, փաստում է, որ նա սպանվել է… ադրբեջանցի «միլիցիոների կրակոցից»:
Շուտով կլրանա այդ ողբերգության 25-ամյակը: Քառորդ դար անց ի՞նչ իմաստ ունի եւս մեկ անգամ կեղծել փաստերը: Ի՞նչ է ուզում ասել «իլհամպրոպը»` որ հայերն «առաջինն են կրակել-ադրբեջանցի սպանել եւ արժանի են վրիժառությա՞ն»: Ըստ երեւույթին` այո, դա է ասելիքը: Բաքվում գերադասում են դա ասել ուրիշի բերանով` նախկին «ազերինֆորմականի»: Բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվել է հենց «Ազերինֆորմի» կեղծ-հավակնոտ-մեծապետական քարոզչությունից: Չէ՞ որ եղել է խնդիրը խաղաղ ճանապարհով հարթելու հնարավորություն: Մեկ անգամ այն բաց է թողնվել: Այսօր, ինչպես տեսնում ենք, «Ազերինֆորմի» «լավագույն ավանդույթները շարունակվում են»: Վստահաբար` ի վնաս ադրբեջանական ժողովրդի:
Վահրամ Աթանեսյան
«Ազգ»


















































