
Արմինե Աղաբաբյանի խոսքերով՝ մարդու ականջը ստեղծված է այնպես, որ ծամելու, խոսելու ընթացքում բոլոր ավելորդ արտադրությունները դուրս են մղվում, որն էլ կարելի է պարզապես սրբիչով մաքրել։ Այսօր ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ծնված 1000 երեխայից 1-2-ը ծնվում են լսողության բացակայությամբ։ Տարվա ընթացքում նրանց միանում են եւս 1-2-ը՝ տարբեր պատճառներով։ Մարդ լսողության կորուստ կարող է ունենալ զարկերակային բարձր ճնշման, շաքարային դիաբետի, պարանոցի օստեոխոնդրոզի եւ մի շարք այլ պատճառներով։
Մասնագետների խոսքերով, երբ ծնողներն իմանում են իրենց երեխաների լսողության խնդրի մասին, շատ հաճախ խուսափում են նրանից, որ երեխան լսողական սարք կրի, սակայն երբ զգում են, թե ինչպես է երեխան հետ մնում իր հասակակիցներից խոսքի զարգացման առումով, դիմում են մասնագետի եւ այդ սարքը ձեռք բերում։
Արմինե Աղաբաբյանի խոսքերով՝ լսողական սարքի վաղաժամ կրումը կանխում է նաեւ լսողության նյարդի ավելի շատ վնասվելը, քանի որ նյարդը սկսում է աշխատել։ Լսողական սարքերը լինում են ներականջային եւ հետականջային։ Կախված չլսելու աստիճանից՝ այդ սարքերը տեղադրվում են կամ վիրահատական ճանապարհով կամ պարզապես՝ ականջի հետնամասում։ Բարձր երաժշտությունը, կրակոցները, աղմուկը նույնպես վնասակար են լսողությանը։ Մասնագետների խոսքերով՝ մեծահասակների մոտ լսողության խանգարումները սկսում են 50 տարեկանից հետո՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից։ Երեխաների մոտ այն կարող է ժառանգական բնույթ կրել։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































