Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղող մթերողները գյուղացիներին դեռ 706 միլիոն դրամ են պարտք

Նոյեմբեր 23,2012 15:03

Այս տարի մթերվել է շուրջ 215 հազար տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարի`194 հազար: Խաղողն էլ այս տարի 157 հազար տոննա է  մթերվել, ինչը 28 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ մթերվող խաղողի գինն էլ 10 դրամով ավելի է եղել. 1 կգ-ն մթերվել է 142 դրամով: Այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա ներկայացմամբ, խաղողի դիմաց մթերողները պարտքերի մեծ մասը մարել են, 21.5 միլիարդ դրամը վճարվել է, մնացել է 706 միլիոն դրամ, իսկ պտուղբանջարեղենի մասով պարտք են 300 միլիոն դրամ:

Անդրադառնալով արտահանմանը՝ պարոն Մակարյանը նշեց, որ դրա ծավալներն էլ են ավելացել, այս տարի մինչեւ նոյեմբերի 22-ը արտահանվել է 28 500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ տարի` 14 200 տոննա:

Գյուղփոխնախարարի խոսքերով` այս տարի գյուղմթերքներ վերամշակող որոշ ձեռնարկություններ` «Բորոդինոն», Էջմիածնի պահածոների գործարանը եւ Վայոց Ձորի Արենի խաղող մթերող ձեռնարկությունները շրջանառու միջոցների պակասից եւ իրացման հետ խնդիրներ ունենալու պատճառով, խուսափել են մթերում կատարել, սակայն գյուղնախարարության միջամտությամբ, այդ խնդիրն էլ հարթվել է:

Լրագրողի հարցին, թե մթերողները մշտապես շրջանառու միջոցների պակասի հետ են առնչվում, արդյոք նախարարությունը պարզե՞լ է, թե ինչո՞ւ բանկերը չեն համաձայնվում վարկավորել նախամթերման շրջանում` աշնանային իրացման գրավի դիմաց, փոխնախարարը խոստացավ, որ 2013 թվականին այդ ուղղությամբ դրական լուծումներ կլինեն, եւ պետական աջակցությամբ ցածր տոկոսներով վարկեր կտրամադրեն  ձեռնարկություններին:

Իսկ թե ինչո՞ւ են բանկերը խուսափում վարկեր տալ վերամշակող ձեռնարկություններին, փոխնախարարն ասաց, որ հիմնական խնդիրը վերամշակողների մոտ գրավի անբավարարությունն է, կամ էլ` արդեն վերցրած ահռելի վարկերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930