Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց մեծ աղմուկ հանած Մատաղիսի գործով դատավարությունը, որն արդեն 9 տարի է` ընթանում է: Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին հայտնվել են 27-ամյա երեք երիտասարդներ` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, որոնք մեղադրվում են 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Դատը, ըստ էության, մոտենում է ավարտին. վիճաբանող կողմերը պետք է հանդես գան ճառերով, սակայն տևական ժամանակ է` մայրաքաղաքացի երկու դատախազները չեն ներկայանում: Այսօր Գյումրու զինդախազության դատախազ Հովհաննես Թադևոսյանը դատարանին ներկայացրեց նրանց բացակայության հիմքերը. Նրանցից մեկն արձակուրդում է, իսկ գլխավոր մեղադրող Արտակ Հարությունյանը բուժվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Երկար ժամանակ լինելու է բժիշկների հսկողության տակ, հետևաբար և, ըստ գյումրեցի դատախազի, մինչև նոյեմբերի 30-ը չի կարող ներկայանալ:
Դատը հետաձգեցին մինչև նոյեմբերի 30-ը: Սա հարուցեց ամբաստանյալների հարազատների զայրույթը, ըստ որոնց` արդեն որերորդ անգամն է՝ դատը հետաձգվում է, և իրենց «անմեղ երեխաները» այդպես էլ չեն կարողանում շունչ քաշել, սթրեսի մեջ են:
Կարդացեք նաև
Ինչպես դժգոհեց ամբաստանյալներից մեկի մայրը. «Եթե իրականում մարդ սպանած լինեին, երևի թե վաղուց ազատված լինեին, էս ինչքան հոգնեցինք, «ոչ սկիզբ կա, ոչ վերջ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































