
Հիմա փորձենք ավելի մանրամասն դիտարկել նրա դժգոհությունը: 21 միլիոն դոլարից 11 միլիոնը հավաքել է Մոսկվան: Այսինքն՝ ամբողջ Սփյուռքը և Հայաստանը միասին հավաքել են ավելի քիչ գումար, քան միայն Մոսկվան: Ումի՞ց է դժգոհում պատգամավորը՝ մեզանի՞ց ու ամբողջ Սփյուռքի՞ց: Նա տեղյա՞կ է, որ Հայաստանի բնակչությունը նույնպես իրենից անկախ մասնակցել է այդ հեռուստամարաթոնին, այսինքն՝ նրա անունից որոշ պետական կազմակերպություններ գումարներ են հավաքել նախարարություններից կամ պետությանն առընթեր հիմնարկներից: Ուրեմն՝ ումի՞ց ես դու դժգոհում:
Նախորդ տարիների իր ազգապահպան հեռուստամարաթոններից ի՞նչ է շահել Սփյուռքը, եթե Հայաստանի Հանրապետությունը ամեն տարի դատարկվում է ամենաքիչը 50 հազար մարդով: Սփյուռքը, ի տարբերություն մեր երկրում կառավարող կուսակցության անդամների, իրավունք ունի հարցեր ունենալու՝ ո՞ւր են գնում այդ մարդիկ, եթե մեր գումարներն ուղղվում են նրանց ենթակառուցվածքների բարելավմանը: Մինչ Սփյուռքն իր հիացմունքն է հայտնում փաստից, որ դեռ գումարներ են հավաքվում, դու դժգոհում ես: Ումի՞ց, պարոն Հարությունյան: Եվ, ի դեպ, դու ո՞ւմ դժգոհությունն ես դարձնում հրապարակային փաստ՝ քո՞, թե՞ քո կուսակցության ղեկավարության:
Կոնկրետացե՛ք: «Հայաստան» հիմնադրամը գրեթե Հայաստանի Հանրապետության տարիքին է, բայց երկրում նվազագույն աշխատավարձը դեռ կրկնակի զիջում է նվազագույն զամբյուղին: Որպես ի՞նչ եք դու և քո կուսակցությունը հաղթում արդեն 4-րդ համապետական ընտրություններում: Վերջին հինգ տարում Հայաստանում կյանքն ավելի է վատացել: Ուրեմն՝ ինչո՞վ եք զբաղված: Սիրիայում հայեր են կոտորվում: Մարդիկ այնտեղ ունեցվածք ու հնարավորություններ են կորցնում: Ինչո՞ւ չես պահանջում, որ հավաքված գումարն ամբողջությամբ փոխանցվի նրանց խնդիրների լուծմանը: Գոնե մի անգամ թույլ տվեք, որ այդ գումարներն իրենց նպատակին ծառայեն: «Բա էդ գյուղերը, որ ծաղկում են, դա ո՞նց է լինում»,– հարցնում է պատգամավորը:
Կարդացեք նաև
Մեկ ամիս առաջ Լոռու մարզի սահմանամերձ գյուղերում էի: Բացարձակապես տպավորություն չունեցա, թե վերջին տարիներին «Հայաստան» հիմնադրամը հատկապես նրանց խնդիրների լուծման համար է գումար հավաքել: Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչու են մարզերում, ի տես բոլորի, շքեղանում դատախազության, պետական եկամուտների, բանկերի մասնաճյուղերի և ոստիկանության շենքերը, իսկ բնակարանները դատարկ են կամ ավերակ: Կարո՞ղ է պատահի՝ պետական պարզ աթերոսկլերոզի հետ գործ ունենք, հենց այդ գումարները մտնում են Հայաստան հանուն ազգաբնակչության: Կարո՞ղ է պատահի՝ դուք սխալմամբ եք գումարներն ուղղում բոլորովին այլ հաստատությունների պայմանների բարելավմանը: Եվ կարո՞ղ է պատահի՝ էդ մարդիկ հիշյալ հիմնարկություններում են ապրելու և բարգավաճելու: Ի՞նչ կապ ունի, թե քանի միլիոն դոլար է ավել կամ պակաս հավաքել հիմնադրամը: Ինչո՞ւ է «լափել» բառը ԱԺ պատգամավորի լեզվական պաշարի դոմինանտ բառ. որովհետև 21 միլիոն դոլարին չեք նայում իբրև համապետական խնդիր լուծող գումարի, այլ նայում եք իբրև «ատկատն» սպասարկող գումարի:
«Օրակարգ»


















































