Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորների ու Ռուսաստանից ժամանած պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում էր ռուս պետական ու կուսակցական գործիչ , ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ դեռևս նախորդ քաղաքապետի հիմնած ավանդույթի համաձայն, աշխատակիցները ընդունեցին ու դիմավորեցին ծափահարություններով: Հետաքրքիրն այն է, որ հյուրը շենքից դեռ ներս չմտած ու աստիճաններով չբարձրացած`նրան ծափահարում են 2-րդ ու 3-րդ հարկերից:
Գյումրու նորընտիր քաղաքապետի առանձնասենյակում Սամվել Բալասանյանը մեծարեց հյուրին ու իր բառերով ասած զեկուցեց, թե ինչ է պատրաստվում անել հարազատ քաղաքի համար: «Քանի որ դուք շատ մեծ լումա ունենք այս քաղաքի կառուցման համար, ուզում եմ զեկուցել Ձեզ, թե ինչ եմ անելու»,-ասաց քաղաքապետը:
Կարդացեք նաև

Նիկոլայ Ռիժկովն էլ իր հերթին հիշեց Գյումրին երկրաշարժյան աղետի ժամանակ, բավականին երկար խոսեց այս մասին` ընկնելով մտորումների մեջ:
Պարոն Բալասանյանը Նիկոլայ Ռիժկովին , որն, ի դեպ Գյումրու պատվավոր քաղաքացի է, նվիրեց Աստվածաշունչ ու պարգևատրեց քաղաքապետի հուշամեդալով :
Այնուհետ Նիկոլայ Ռիժկովը շրջեց ողջ քաղաքով, նա քաղաքապետարանից ոտքով ճեմեց դեպի իր անունը կրող ճեմափողոց, որտեղ փակցված է իր հուշատախտակը` դիմաքանդակով, եղավ Գյումրու տեխնոպարկում, որտեղ հյուրերին միացավ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այցելեց նաև Պատվո բլուր ու նորկառույց Մուշ 2 թաղամաս:
Lրագրողների հետ զրույցում էլ, կիսելով իր տպավորությունները, պատվավոր գյումրեցին կարծիք հայտնեց, որ ամեն ինչ փոխվել է այս քաղաքում, այն դարձել է ժամանակակից ու գեղեցիկ, ու բացարձակ չի հիշեցնում 24 տարի առաջ իր տեսած ավերակ քաղաքը:
Նիկոլայ Ռիժկովը նաև տեղեկացրեց, որ պայմանավորվել են գալիք տարում երկու երկրների խորհրդարաններում համատեղ քննարկել մանր ու միջին բիզնեսի զարգացման ծրագիր: Ըստ ռուս հյուրի, Հայաստանում աշխատեղերի խնդիրը բավականին լուրջ է, և ինքը չէր ցանկանա, որ գյումրեցիները լքեն հարազատ քաղաքը:
Իսկ երբ խոսք ընկավ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան արտագաղթելուն, պարոն Ռիժկովը կարծիք հայտնեց, որ շատ քչերն են սրանով Հայաստանից Ռուսասատան մեկնում ` ընդմիշտ բնակության:




















































