
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանում կայացած
ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների ամփոփման կապակցությամբ
Կարդացեք նաև
Այսօր առաջին անգամ Երևանում հյուրընկալել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերների առաջնորդների տարածաշրջանային գագաթնաժողովը: Անցյալ տարի ԵԺԿ Մարսելի գագաթնաժողովում հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցությունը այս համաեվրոպական կուսակցությանը պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր: Եվրոպական մերձեցման կարևորագույն նպատակներից մեկը մեր ժողովուրդների, հասարակությունների, անհատների միջև շփումների խթանումն է: Իսկ այդ հասարակությունների կարևոր մաս են կազմում, ինչ խոսք, նաև քաղաքական կուսակցությունները:
Միջկուսակցական փոխգործակցությունը մեծ նշանակություն ունի եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից: Մենք կարևորում ենք ԵԺԿ դերակատարումը եվրոպական ինքնության կոնսոլիդացման և Եվրոպական միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում: Այն նաև մեծ հնարավորություններ է պարունակում միջազգային և միջխորհրդարանական կառույցներում մեր ձայնն ավելի լսելի դարձնելու առումով:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել կուսակցության նախագահ պարոն Մարտենսին այն ջերմ ընդունելության համար, որին արժանացան հայաստանյան քաղաքական կուսակցությունները Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում:
Մեծապես գնահատում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի մասնակցությունը այս գագաթնաժողովին: Պարո՛ն Բարոզո, Ձեր անմիջական մասնակցությունը այս գագաթնաժողովին ևս մեկ ապացույց է առ այն, որ Արևելյան գործընկերության խնդիրներն ու հեռանկարները հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են:
Այսօր մենք քննարկեցինք Արևելյան գործընկերության օրակարգային հարցերը և նախանշեցինք մեր անելիքները մինչև Վիլնյուսի 2013 թվականի Արևելյան գործընկերության գագաթնաժողով: Մենք ընդունեցինք Երևանյան հռչակագիրը, որում արտացոլված է մեր ընդհանուր տեսլականը Արևելյան գործընկերության ապագայի, տարածաշրջանային հիմնահարցերի, ինչպես նաև ԵԺԿ դերակատարության շուրջ:
Արևելյան գործընկերությունը ստեղծվել է որպես ընդհանուր արժեքների շուրջ փոխգործակցության ձևաչափ: Հայաստանի համար այն կարևորվում է ընթացող լայնածավալ բարեփոխումներում եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից: Համոզված ենք, որ Արևելյան գործընկերության առաքելությունը լիարժեքորեն իրականացված կլինի այն դեպքում, երբ բոլոր գործընկեր երկրները հավասարապես հանձնառու լինեին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն:
Որպես քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների ընտանիք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը, այլատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքները: Այս երևույթները մեր ընդհանուր պատմության ամենամութ էջերի հիշողություններն են արթնացնում:
Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը: Համոզված ենք, որ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը պետք է բացվի անմիջապես և առանց նախապայմանների: Մենք քննարկում էինք, թե ինչպե՞ս խթանենք Արևելյան գործընկերության պետությունների ժողովրդավարացման գործընթացը, ինչպե՞ս հասու դարձնենք մեր արտադրողների համար եվրոպական սպառողական շուկաները, ինչպե՞ս հեշտացնենք շփումները մեր քաղաքացիների միջև` պարզեցնելով, իսկ հետագայում նաև վերացնելով մուտքի վիզաների պահանջները: Դա են ակնկալում մեր պետությունների քաղաքացիները:
Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը նոր թափ հաղորդեց Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությանը: Մենք շնորհակալ ենք դրա համար մեր բոլոր գործընկերներին:
ՀՀԿ հաղորդագրություն


















































