Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության՝ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկության քննարկումը: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանց առարկությունների, համաձայնել է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք ՀԱԿ-ի նման գործելաոճը այն պարագայում, երբ իրենք բարձրացնում են հանձնաժողով ստեղծելու հարցը, մեղադրում են իշխանություններին մարտի 1-ի բացահայտման ձգձգումների մեջ և այսօր համաձայնության են գնում այդ նույն իշխանությունների հետ, հետևյալ կերպ պատասխանեց.
«Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է, և հույս ունի, որ 2013 թվականին դա կարող է ազդել խնդրի դրական քննարկումների վրա: Ամեն ինչ հնարավոր է»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց Խառատյանը:
«Բայց ընդհանրապես ՀԱԿ-ի խուսանավումները, ՀԱԿ-ի պահվածքի սեթևեթանքը ԲՀԿ-ի հետ և այլն, սկզբունքորեն առաջացնում է հենց ձեր իսկ առաջադրած հարցերի վերաբերյալ տարակուսանքներ»,-ավելացրեց նա:
Խառատյանը նշեց նաև, որ ի սկզբանե ՀԱԿ-ի հանդեպ մեծ վստահություն չի ունեցել, բայց վերջին 2 տարիներին ընդհանրապես ՀԱԿ-ի պահվածքը որևէ տրամաբանության չի ենթարկվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: