
Մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների, «Արաբկիր բժշկական համալիր» ԵԴԱԻ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտների, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներն այցելել են հանրապետության բոլոր մարզերը։ Կատարած այցերի ընթացքում հետազոտվել է 5778 հիվանդ։ Նրանցից 4213-ին նշանակվել է ամբուլատոր, 24-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաև «Սուրբ Աստվածամայր», «Քանաքեռ-Զեյթուն», թիվ 2 բժշկական կենտրոնները, Վնասվածքաբանական և օրթոպեդիայի կենտրոնը, թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը և «Մուրացան» համալսարանական կլինիկան, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մասնակցում այցերին և մասնագիտական խորհրդատվություն տրամադրում։
Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր կկատարեն, կծանոթանան հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն կտրամադրեն հետագա տակտիկան հստակեցնելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն


















































