
«Ժառանգություն» խմբակցությունը դեռևս օգոստոսի 29-ին ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել ԸՕ-ում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկելով Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռնել, ինչպես դա գործող ԸՕ-ով նախատեսված է դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների համար:
Օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն էր տվել ՀՀ կառավարությունը, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս բացակայում են քաղաքացիների հաշվառումն ապահովող գործուն մեխանիզմները»:
Դեկտեմբերի 3-ի նիստում Ազգային ժողովը մերժեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում: Ընդգրկելուն կողմ էին 15, դեմ` 65, ձեռնպահ` 1 պատգամավորներ: Դեմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները, բացառությամբ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ով «ձեռնպահ» էր: «Ժառանգություն» խմբակցության անդամներից բացի, «կողմ» էին քվեարկել ընդդիմադիր ՀՅԴ և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նիստին ներկա պատգամավորները, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:


















































