Դեկտեմբերի 5-ին, գիշեր ժամը 01.40-01.45 –ի սահմաններում Արամ Խաչատրյան 11 շենքի 4-րդ մուտքում, որտեղ բնակվում է նաեւ «Հայելի» ակումբի ղեկավար-վարող Անժելա Թովմասյանը, տեղի են ունեցել կրակոցներ: Ըստ hayeli.am-ի՝ անհայտ անձը ատրճանակից երեք կրակոց է արձակել նույն մուտքի 5-րդ հարկի բնակիչ քաղաքացի Սամվելի ուղղությամբ, որի արդյունքում լուրջ վնասվածքներով շենքի բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի մանրամասները հայտնի չեն, տուժողը միայն պատմել է, որ գիշերը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում տեսել է անծանոթի՝ ձեռքին սեւ պայուսակ: Կասկածներ են առաջ եկել եւ տուժողը հարցուփորձ է արել, թե ինչու է անհայտ անձը այդ ժամին կանգնել այդտեղ, քաշքշուկի արդյունքում վերջինը երեք կրակոց է արձակել Սամվելի ուսի եւ կողի շրջանում:
Տուժածը հիվանդանոցում է, առաջիկա ժամերին երկրորդ վիրահատությունը կտանի, բժիշկները առողջական վիճակը գնահատում են բավարար:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ի ցերեկվա ժամերին էլ նույն մուտքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գողություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: