Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «2013-ը լուրջ մրցաշրջան է»

Դեկտեմբեր 12,2012 14:28

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի թեկնածուներն այսօր մեկնում են Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքի: Իսկ երեկ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում խոսեց ինչպես տարվա վերջին այս հավաքի, այնպես էլ՝ 2013 թվականի ծրագրերի մասին:

– Արտոնյալ կարգավիճակում ըմբիշներ կա՞ն, որոնք ազատ կլինեն այս հավաքից:

– Ոչ: Պարտադիր լինելու են բոլորը՝ անկախ իրենց մարզական արդյունքների աստիճանից. Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը եւ իհարկե՝ հանրապետության վերջին առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները: Թերեւս, բացառություն կկազմի մեր գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը: Այն էլ այն պատճառով, որ ներկայումս լուրջ որոշում կայացնելու առջեւ է կանգնած՝ ավարտե՞լ մարզական կարիերան, թե՞ շարունակել: Դա նրա իրավունքն է, եւ մենք ցանկացած դեպքում հարգելու ենք նրա կայացրած որոշումը: Պարզապես, հիմա պիտի սպասենք:

– Հավաքն ի՞նչ բնույթ է ունենալու եւ ինչի՞ համար է կազմակերպվել:

– 2013 թվականին մենք կարեւորագույն պաշտոնական մրցումների պետք է մասնակցենք, որոնք այս անգամ մի փոքր շուտ են սկսվելու: Տարվա առաջին կեսին՝ փետրվարին, Աշխարհի գավաթի խաղարկությունն է՝ Իրանում, մարտին՝ Եվրոպայի առաջնությունը՝ Թբիլիսիում: Այս հավաքները նվիրված են լինելու ըմբիշների ընդհանուր, հատուկ եւ ֆունկցիոնալ պատրաստությանը, որպեսզի այնուհետեւ կազմակերպենք հատուկ մրցումային մարզումները: Ճիշտ է, Եվրոպայից առաջ ունենք նաեւ երկու ստուգողական միջազգային մրցաշար. Դանիայում՝ հունվարի վերջին եւ Իրանում՝ փետրվարի կեսերին:

– Ծաղկաձորյան հավաքի մասնակիցներից բոլո՞րն են մասնակցելու այդ մրցաշարերին:

– Այո: Բայց թե ով՝ որի՞ն, կկողմնորոշվենք հավաքներից հետո:

– Որքան հասկացա, այս ամենը վերաբերում էր Եվրոպայի առաջնության նախապատրաստությանը: Բայց տարվա երկրորդ կեսին՝ սեպտեմբերին, նաեւ աշխարհի առաջնությունն է:

– Դրանից հետո սկսվելու է տարեկան պլանի երկրորդ փուլը՝ նվիրված աշխարհի առաջնության նախապատրաստությանը: Այդ ընթացքում ունենք մի շարք ուսումնամարզական հավաքներ, Ուսանողական համաշխարհային խաղեր, որոնց սեպտեմբերին կհաջորդի աշխարհի առաջնությունը՝ Հունգարիայում, իսկ ավելի ուշ՝ նոյեմբերին Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մեր հավաքականի բոլոր թեկնածուները կմասնակցեն նաեւ այդ փուլի մրցաշարերին ու նորից կկողմնորոշվենք հավաքներով:

– Այսօր հավաքականում ունենք ընդգծված առաջատարներ: Բայց նրանք հավերժ չեն: Սերնդափոխության մասին այսօրվանից մտածո՞ւմ եք:

– Սերնդափոխությունը մշտական գործընթաց է, ու այն միշտ էլ մարզիչներիս ուշադրության ներքո է: Դրա համար էլ մեզ մոտ գործում է հետեւյալ սկզբունքը. ով ավելի լավ մարզավիճակում է ու ավելի լավ է նախապատրաստված, նրան ենք վստահում: Ու մարզական նվաճումներն ու կոչումը նշանակություն չունեն: Այդպես, մեր առաջին համարները միշտ զգոն են, պատասխանատվության զգացում ունեն ու թիկունքին միշտ զգում են երիտասարդների շունչը:

– Կոնկրետ անուններով խոսենք. Ռոման Ամոյան, Արսեն Ջուլֆալակյան. Յուրի Պատրիկեեւ (Արթուր Ալեքսանյանին չենք անդրադառնում, քանի որ նա ինքը երիտասարդ է). հավաքականում նրանք լուրջ մրցակիցներ ունե՞ն:

– Պատրիկեեւը՝ ոչ: Ի դեպ, ամբողջ աշխարհը նրա քաշային կարգում բարձրակարգ ըմբիշի խնդիր ունի: Իսկ մյուսների մասին եկեք չխոսենք: Բավարարվենք այնքանով, որ կան արժանի երիտասարդ ըմբիշներ, որոնք, սակայն, պետք է իրենց ցույց տան: Ես կարեւորում եմ այն, որ այսօր մեր հավաքականում ոչ ոք չի կարող ասել, առավել եւս՝ մտածել, թե ինքը միանձնյա առաջատար է հավաքականում: Սպորտը սիրում է ապացուցել եւ հաղթել:

– Իսկ եթե Յուրի Պատրիկեեւը որոշի ընդհանրապես հրաժեշտ տալ մեծ սպորտին, կամ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալ, նրա քաշային կարգը լրացնելու հետ կապված ծրագրեր կա՞ն:

– Բոլորս գիտենք, որ Հայաստանում ծանր քաշային մարդ չկա, էլ ո՞ր մնաց բարձրակարգ ըմբիշ: Այդ առումով խնդիրներ, իհարկե, կան: Փորձում ենք տեղի կադրեր գտնել: Բայց դա, իրոք, լուրջ հարց է:

– Իսկ դրսից համալրելու մասին խոսք չկա՞:

– Դա ՀԱՕԿ-ի, սպորտի նախարարության եւ մեր ֆեդերացիայի ղեկավարության որոշելիքն է: Ես կոնկրետ ոչին ասել չեմ կարող: Եթե լինի, լավ, իսկ եթե ոչ՝ կաշխատենք այդ բացը մյուս քաշային կարգերում նվաճումներով փոխհատուցել:

– Եվ վերջին թեման: Ռոման Ամոյանը օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք չբերելուց հետո հոգեբանական արգելքը հաղթահարե՞լ է:

– Ես հույս ունեմ, որ կհաղթահարի:

– Դրանից հետո նա, կարծես, պաշտոնական ոչ մի մրցման չի մասնակցել:

– Ռոմանը Գերմանիայի ակումբներից մեկում հանդես է գալիս այդ երկրի բունդեսլիգայի առաջնությունում եւ հավակնում է չեմպիոնի կոչմանը: Մինչեւ հիմա Ամոյանը անցկացրած բոլոր գոտեմարտերում հաղթել է: Ի դեպ, այդ ակումբներում հանդես են գալիս նվազագույնը Եվրոպայի լավագույն ըմբիշները՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթողներ, իրենց երկրների չեմպիոններ կամ մրցանակակիրներ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31