
Ըստ պարոն Պետրոսյանի, առանց վերը նշված մորմազգիների մշակման, ազգաբնակչության պահանջը այդ մթերքների նկատմամբ անհնար կլինի բավարարել հատկապես գարնան ամիսներին ու ամռան սկզբին:
Անցած տարի վնասատուի հասցրած վնասը հատկապես շոշափելի է եղել Մասիսի շրջանի ու էջմիածնի համայնքներում: Վնասատուի ազդեցությունը նվազեցնելու համար, գյուղփոխնախարարը բոլոր հողօգտագործողներին խորհուրդ տվեց կարտոֆիլի տնկանյութը Արարատյան դաշտավայրում չտեղափոխել աշնանը.«Տնկանյութը խորհուրդ է տրվում Արարատյան դաշտավայր տեղափոխել միայն ցանքի նախօրեին եւ անմիջապես կատարել ցանք: Եթե կարտոֆիլի տնկանյութը հիմա տեղափոխվի եւ պահպանվի Արարատյան դաշտավայրի այն համայնքներում, որտեղ կա վարակ, կարտոֆիլի պալարները մինչեւ գարնանային տունկը կարող են վնասվել»: Պարոն Պետրոսյանը գյուղացիներին նաեւ հիշեցրեց, որ ցեցի թիթեռը շատ լավ զարգանում է նաեւ պահեստարաններում:
Փոխնախարարի հավաստմամբ`«Ջերմատան պայմաններում հնարավոր է վնասատուի դեմ 100 % արդյունք ապահովել: Օգտագործվում են, այսպես կոչված, «ֆերոմոնային թակարդներ, որոնք գրավում են արուներին, եւ հնարավորություն է ստեղծվում ճիշտ ֆիքսել վնասատուի զարգացման պահը եւ կատարել պայքարի քիմիական միջոցառումներ»:
Ինչ վերաբերում է գյուղացիների այն պնդմանը, որ լոլիկի ցեցը Հայաստան է ներթափանցել թուրքական լոլիկից, փոխնախարարն ասաց, որ նման փաստեր չունի. «Մենք այլ երկրներից էլ ենք լոլիկ ներմուծում` Իրանից, Հունաստանից, Վրաստանից: Իսկ Թուրքիայից անմիջապես ոչ մի մթերք չի ներկրվում Հայաստան, այդ թվում` լոլիկ: Թուրքիայից Հայաստան լոլիկ է բերվում այլ մթերքների հետ միասին Վրաստանի տարածքով: Չեմ կարող բացառել, որ վրացական շուկայում լոլիկի վարակը ներթափանցած լինի Թուրքիայից»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի


















































