
Փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով, թրաֆիքինգի ոլորտը Հայաստանում բավականին կարգավորված է. «Խնդրի սրությունը կայանում է նրանում, որ տարեցտարի ավելանում են դեպքերը, ընդ որում ոչ միայն այն դեպքերը, երբ անձինք արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս շահագործման, այլեւ՝ ներքին թրաֆիքինգի դեպքերը: Ըստ ուղղությունների՝ մեզ մոտ կան դեպքեր սեռական շահագործման՝ որոնք իրականացվում են Էմիրություններում, Թուրքիայում, աշխատանքային շահագործման առումով՝ Թուրքիայում եւ Ռուսաստանում, իսկ օրգանհյուսվածքների առումով՝ Շրիլանկայում»:
Թումասյանը նշեց, որ ոլորտի հետ կապված քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել 2011 թվականին, սակայն դեռ կան որոշակի բացեր՝ սոցաջակցության առումով, բայց դա եւս գտնվում է վերանայման փուլում:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի՝ ներքին թրաֆիքինգի դեպքերի հետ կապված ունենք գրանցված դեպքեր, երբ, օրինակ մարզերից անչափահաս աղջիկներին բերում են այստեղ սեռական շահագործման ենթարկում, իսկ երեխաներին՝ մուրացկանության մեջ ներգրավում:
Ինչ վերաբերվում է այն կանանց, որոնք գիտակցաբար են նստում Թուրքիա մեկնող ավտոբուսն ու ուղեւորվում կոմերցիոն սեքսով զբաղվելու, ապա Թումասյանը նշեց, որ պետք է տարբերել մարմնավաճառությամբ զբաղվելու համար Թուրքիա գնացողին եւ թրաֆիքինգի ենթարկվողին. «Ավտոբուսը նստելուց առաջ, արտագնա մարմնավաճառությամբ զբաղվելու համար գնացողը գիտի, թե ուր է գնում, եւ որ պահպանելու է իր ազատության հնարավորությունը, իսկ թրաֆիքինգի ենթարկվողը զրկվում է ազատությունից, նրան օրական պարտադրվում է 20-25 սեռական հարաբերություն ունենալ, զրկվում է որակական լրացուցիչ հարաբերություններից եւ կա երրորդ տարբերակումը, որը տարածքն է. կավատն ու մարմնավաճառն իրենք են որոշում որ օբյեկտ, կամ սաունա գնալ, իսկ այստեղ թրաֆիքինգի ենթարկվողը փակի տակ է լինում, հաջորդ տարբերակումն էլ՝ ֆինանսականն է, երբ գումար չի վճարվում, կամ չնչին է լինում, կամ եթե նույնիսկ վճարվում է՝ հետագայում խաբեությամբ դա կորզվում է նրանցից»,- հավելեց Թումասյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































