
Կազմակերպիչները տեղեկացրին, որ երեւանյան պրեմիերայից անմիջապես հետո՝ մեկ օր անց էլ կկայանա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի մոսկովյան շնորհանդեսը: Ֆիլմը բաղկացած է 5 նովելից, որոնցից յուրաքանչյուրը առանձին ռեժիսոր ունի: Նրանք են՝ Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին:
Ասուլիսին ներկա ՌԴ վաստակավոր արտիստուհի Իրինա Ռոզանովան Սարիկ Անդրեասյանի նկարած «Փարիզ» նովելում մարմնավորել է գավառական դպրոցում աշխատող ֆրասերենի ուսուցչուհու, ում երազանքն է լինել Փարիզում եւ տեսնել Ալեն Դելոնին: Որդին իրականացնում է մայրիկի երազը: Այս նովելում Ալեն Դելոնը հենց Ալեն Դելոնին է մարմնավորել: Իրինա Ռոզանովան պատմեց, որ անչափ տպավորված է Փարիզում իրականացված նկարահանումներից, ցնցված Դելոնի մեծությամբ եւ դրան ուղիղ համեմատական համեստությամբ:
Դերասանուհին մի հետաքրքիր միջադեպ պատմեց. երբ Դելոնին հրավիրել են գրիմ անելու, զարմանք է կտրել: «Ասաց, ինչպես թե գրի՞մ, ես 33 տարի շարունակ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն եմ եղել, հիմա դուք ինձ գրի՞մ եք առաջարկում: Ինձ գրիմ հարկավոր չէ, որովհետեւ իմ կնճիռներն ինձ շուք են տալիս»: Նրա պատմելու ժամանակ ֆրանսիացի դերասանը ժպտաց, իսկ Ռոզանովան գրկելով կինոաստղին՝ կատակեց. «Ես երբեք չեմ սիրել գեղեցկադեմ տղաներին, իսկ Ալեն Դելոնին հիմա ավելի եմ սիրում, քան երիտասարդ տարիներին»:
Ալեն Դելոնը ողջ ասուլիսի ընթացքում ժպտում էր, ասում էր, որ երջանիկ է՝ այդքան կանանց իր առջեւ տեսնելով: Նա բոլորին մաղթեց սեր եւ մարդկային երջանկություն:
Պատասխանելով «Թեհրան 43» ֆիլմի իր դերի ու այնտեղ հնչող ազնավուրյան երգի մասին՝ կատակեց. «Շարլը իմ ընկերն է: Տեսնես մինչեւ հիմա ինչու ինձ չի ասել, որ Հայաստանում այսքան ընդունված եմ: Գիտեք նախագահին էլ այդ հարցը տվեցի, պատասխանեց, թե Ազնավուրը հավանաբար այդ մասին չի ասել, որ չափից շատ չհուզվեմ»:
Խոսելով «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում նկարվելու առաջարկն ըւնդունելու մասին, Ալեն Դելոնն ասաց, որ Ֆիլմի սյուժեն ու գաղափարն իրեն շատ դուր են եկել:
Կինոնկարի պրոդյուսերներ Սարիկ Անդրեասյանն ու Վալերի Սահարյանը շեշտեցին, որ «Շնորհավոր Ամանոր, մայրերը» ամանորյա նվեր է բոլոր մայրերին զավակաների կողմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































